Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել:

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականների անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը և Տիգրան Կարապետյանը ճանաչվել են Եվրոպայի առաջնության լավագույն ծանրորդներ:

Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը չեմպիոնի կոչմանն արժանացել է Աշոտ Մովսեսյանը՝ Մ23 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում գրանցելով երկամարտի 384 կգ արդյունք (168+216 կգ) և դառնալով ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 160, 165 և 168 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Մովսիսյանը բրոնզե մեդալակիր է դարձել: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 և 216 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Մրցումային վերջին օրը Մ23 տարեկանների 110 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից չեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 397 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 175 կգ ու 182 կգ կշռող ծանրաձողերը՝ այս ձևում դառնալով ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 210 և 215 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող է հանդես եկել, իսկ հրումում, բարձրացնելով 210 ու 221 կգ կշռող ծանրաձողերը, այս վարժությունում նվաճել է ոսկե մեդալ:

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ, 86 կգ քաշային Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` երկամարտի 232 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Գյուրջյանը կատարել է երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ՝ դառնալով ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 125 և 130 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում ևս նա առաջինն էր:

Երիտասարդների 86 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ընտրանու անդամ Էմմա Պողոսյանն արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ երկամարտի 241 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Պողոսյանը 105 կգ արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 131 ու 136 կգ կշռող ծանրաձողերը` սահմանելով Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մնացական Աբրահամյանը երկամարտի 361 կգ արդյունքում դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Աբրահամյանը պոկում վարժությունում կատարել է երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150, 155 և 160 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 190, 196 և 201 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:

Հայաստանի կանանց թիմի անդամ, գերծանր քաշային Մերի Թումասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 98 կգ, իսկ հրումում` 120 կգ: Երկամարտի 218 կգ արդյունքով Թումասյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդգես Մարգարյանը երիտասարդների գերծանր քաշայինների պայքարում պոկել է 162 կգ, սակայն անհաջող է մասնակցել հրման վարժությանը:

Երիտասարդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 155 ու 161 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրել է 190 կգ: Երկամարտի 351 կգ արդյունքով` նա Եվրոպայի երիտասարդների առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Երիտասարդների գերծանր քաշային աղջիկների պայքարում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրել է 99, իսկ հրումում՝ 118 կգ կշռող ծանրաձողերը: Առանձին վարժություններում նա զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երկամարտում 217 կգ արդյունքով 5-րդն էր: