ՀՀ մարզերի համայնքներում և Երևանի վարչական շրջաններում մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի 1-ին՝ համայնքային փուլը:

Մրցաշարն անցկացվում է դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացման, տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, ֆիզիկապես առողջ և բարոյապես կայուն սերնդի ձևավորման նպատակով:

Անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ.

1-ին փուլ՝ համայնքային–անցկացվում է նոյեմբերի 1-20-ը: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ կանցնեն առաջին տեղեր գրաված թիմերը:

2-րդ փուլ՝ մարզային և Երևանի քաղաքային - կանցկացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից հաջորդ փուլ կանցնեն առաջին տեղեր գրաված թիմերը:

3-րդ փուլ՝ եզրափակիչ - կանցկացվի դեկտեմբերի 20-25-ը Երևանում:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև՝

  • 6-7-րդ դասարաններ – 2013-2014 թվականներին ծնված աշակերտներ
  • 8-9-րդ դասարաններ - 2011-2012 թվականներին ծնված աշակերտներ

Վոլեյբոլի լիգան անցկացվում է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի 10 վարչական շրջաններում՝ մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին: Վոլեյբոլի լիգայի թիմի կազմում պետք է ընդգրկվեն թե՛ տղաներ, և թե՛ աղջիկներ: Խաղադաշտում խաղի ընթացքում միաժամանակ պետք է գտնվեն 3*3 հարաբերակցությամբ (3 տղա և 3 աղջիկ):

Թիմի ընդհանուր կազմը՝ 9 մարզիկ և 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վոլեյբոլի լիգայի խաղերնյ անցկացվում են Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի (ՎՄՖ) գործող կանոնների համաձայն (ըստ տարիքների ցանցի բարձրությունը՝ համապատասխանաբար 225 և 235 սմ, 3 խաղափուլից, 5 համարի գնդակով):

Վոլեյբոլի լիգայի 1-3-րդ փուլերը պետք է անցկացվեն վոլեյբոլի խաղահրապարակի առնվազն 12 X 24 մետր չափսերով գծանշում ունեցող մարզադահլիճներում, որոնք կահավորված են միջազգային չափանիշներին համապատասխան ցանցի կանգնակներով և ցանցով:

Վոլեյբոլի լիգայի եզրափակիչ փուլի հանդիպումներն անցկացվելու են առնվազն 19 X 35 չափի մարզադահլիճում:

Եզրափակիչ փուլի խաղերը կանցկացվեն օլիմպիական մրցակարգով (պարտվող թիմերը դուրս կմնան պայքարից)։

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը եզրափակչի արդյունքներով կարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով.

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով

2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով

3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով

Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (9 աշակերտ) 150,000-ական ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ (9 աշակերտ) 100,000-ական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ (9 աշակերտ) 75,000-ական դրամ

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: