ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ներկայացուցիչ Էրիկ Պոպին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։
Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին։ Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ է պատրաստվում 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը՝ դիտարկելով դրանք ոչ միայն որպես խոշոր սպորտային իրադարձություն, այլև որպես մշակութային կամուրջ ֆրանկոֆոն համայնքի և Հայաստանի միջև։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՖՄԿ ղեկավարության հետ, ծանոթացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձին, որն օգտակար կլինի 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման ընթացքում:
Էրիկ Պոպը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի հետ ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերն առաջին անգամ են անցկացվելու այնպիսի երկրում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ: Նրա խոսքով՝ խաղերի անցկացումը միաժամանակ մեծ հնարավորություն է ֆրանկոֆոն արժեքների տարածման և միջմշակութային երկխոսության խորացման առումով։ Պոպը կարևորել է ֆրանսախոս կամավորների ներգրավումը խաղերի կազմակերպչական գործընթացում՝ շեշտելով, որ ՖՄԿ-ն շարունակում է իրականացնել ուսուցիչների շարժունության և փոխանակման մի շարք ծրագրեր։
Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալումը կարևոր քայլ է ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և բազմազանության տարածման գործում։ Նա նշել է, որ խաղերի կազմակերպման աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են Հայաստանում ֆրանսիական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական և Երևանի պետական համալսարանի ուսանողները, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցում ունեցող մի շարք ավագ դպրոցների սովորողներ։ Նախարարը հավելել է, որ դիտարկվում է նաև սփյուռքի ֆրանսախոս հայ երիտասարդների ներգրավման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խաղերի մարզական բաղադրիչը՝ անդրադառնալով մրցաշարերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին և կազմակերպչական այլ հարցերի։