Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Այս կարևոր մարզական միջոցառումը մեկ հարկի տակ է հավաքել Եվրոպայի լավագույն երիտասարդ բռնցքամարտիկներին․ «Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկած առաջնությանը մասնակցում է 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ:
Բացման արարողությունը մեկնարկել է ազգային պարերով, ապա տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։ Հայաստանի դրոշակակիրը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանն էր:
Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
«Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանում՝ մի երկրում, որտեղ սպորտը ոչ միայն մրցակցության, այլև կամքի, հավատքի ու ազգային միասնության խորհրդանիշ է։ Մեզ համար մեծ պատիվ է ընդունել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Սա վկայում է` Հայաստանը ոչ միայն վստահելի գործընկեր է միջազգային սպորտային ընտանիքում, այլև ունի անհրաժեշտ ներուժ և պատրաստակամություն՝ կազմակերպելու բարձր մակարդակի մրցաշարեր», - նշել է Հասմիկ Ավագյանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ առաջնությունը լավ հնարավորություն է երիտասարդ մարզիկների համար՝ ցուցադրելու իրենց տաղանդը, աշխատասիրությունն ու մարզումների արդյունքը։
«Դուք՝ երիտասարդներդ, ապագա չեմպիոններն եք, այն սերունդը, որը կձևավորի վաղվա սպորտի դիմագիծը։ Ձեր յուրաքանչյուր պայքարը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլև մեր երկրի պատիվը, որը ոգեշնչում է նոր սերունդներին», - նշել է նա։
Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև մարզիչներին՝ նվիրումի ու մեծ աշխատանքի համար։
«Թող այս օրերը Հայաստանում լինեն ոչ միայն մրցակցության, այլև նոր շփումների, փորձի փոխանակման և մարդկային ջերմ հարաբերությունների օրեր», - ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ազնիվ պայքար, արդար խաղ և սպորտային հաջողություններ մաղթելով առաջնության մասնակիցներին։
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասել է․ «Մեզ համար մեծ պատիվ և մեծ պարտականություն է 4-րդ անգամ Երևանում ընդունել բռնցքամարտի խոշոր մրցաշար: Հերթական անգամ Երևանը դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Խոստանում ենք անել առավելագույնը, որպեսզի Եվրոպայի երիտասարդների և Մ23 առաջնությունն անցնի բարձր մակարդակով»:
Առաջնության բացմանը ներկա են եղել նաև բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի (IBA) և Եվրոպական կոնֆեդերացիայի (EBU) անդամ, Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Կիրիլ Շչեգուևը, ՀԱՕԿ ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ Արմենպրեսի