ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները հյուրընկալվել են Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում:
Աշտարակում հյուրընկալված պատվիրակությունն այցելել է Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, որից հետո Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում Արագածոտնի մարզի երաժշտության տեսության առարկաների դասատուների և սովորողների համար անցկացվել է սոլֆեջոյի բաց դաս որի ընթացքում բացի մասնագիտական խորհրդատվությունից՝ մասնակից դպրոցականներին և դասատուներին ներկայացվել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադայի մասնակցության ուղեցույցը: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը 2025 թվականին առաջին անգամ անցկացրել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան:
Աշտարակում վարպետության դասերին և մանկավարժական քննարկումներին հաջորդել է համերգային ծրագիրը, որը մեկնարկել է Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի ողջույնի ելույթով, համերգային կատարումներով ելույթ են ունեցել նաև Երևանից ժամանած պատանի երաժիշտները:
«Քույր դպրոցներ». ծրագրի աշնանային շրջափուլը կամփոփվի նոյեմբերի 5-ին Գյումրու Ա. Շիշյանի անվան երաժշտական դպրոցի պատվիրակության՝ Երևան այցելությամբ. գյումրեցի պատանի երաժիշտներն ու մանկավարժները կհյուրընկալվեն Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում:
Նշենք, որ 2019 թվականից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրն արդեն միավորում է հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցների: Ծրագիրը կարևոր դերակատարություն է ստանձնել մշակութային կրթության համաչափ զարգացման, մարզերում գործող երաժշտական և արվեստի դպրոցներին համակարգված մեթոդական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ավանդույթների պահպանության և շարունակական զարգացման առումով:
«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժները հանդես են գալիս համատեղ ծրագրերով: Կազմակերպվում են նաև վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր Երևանի և ՀՀ մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, մշակութային օջախներ:
Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր, որի շահառու են դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 4000 սովորողներ և մանկավարժներ: