ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գերմանիայում մասնակցել է աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցման զարգացման և ՄԿՈՒ ոլորտում տարվող քաղաքականության համապատասխանեցման ուղղությամբ հրավիրված միջկառավարական հանդիպմանը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման մեխանիզմներին, աշխատանքի վրա հիմնված ուսուցումը խթանող գործիքների մշակմանը, մեծահասակների կրթության ապահովմանը, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված համագործակցությանը։
Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) երկար տարիներ հաստատել են արդյունավետ գործընկերություն, որն ուղղված է Հայաստանի կրթական և տնտեսական ոլորտների զարգացմանը։ Այս համագործակցությունը ներառում է բազմաթիվ նախաձեռնություններ՝ միտված կայուն տնտեսական զարգացմանը, մասնագիտական կրթության և ուսուցման առաջմղմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը։
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ միջոցառումն իրապես կարևոր հարթակ է՝ համագործակցության շրջանակում մինչ օրս արձանագրված ձեռքբերումները ներկայացնելու, գնահատելու և Հայաստանի ու GIZ-ի միջև նոր համագործակցության ուղղություններ սահմանելու համար, որը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։