Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 69 կգ քաշային Մերի Միսակյանը երկամարտի 210 կգ արդյունքով (92+118) բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։

Պոկում վարժությունում Միսակյանը բարձրացրել է նախ 88, ապա 92 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 4-րդ տեղն է զբաղեցրել: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 114 կգ և 118 կգ կշռող ծանրաձողերը՝ այս վարժությունում դառնալով արծաթե մեդալակիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով (98+130) դարձյալ բրոնզե մեդալակիր է նվաճել: Մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրել է 98 կգ-ն: Այս վարժությունում Ամրոյանը 4-րդն է: Հրում վարժությունում նա բարձրացրել է 126, ապա՝ 130 կգ կշռող ծանրաձողերը և արժանացել է փոքր արծաթե մեդալի:

Տղամարդկանց հավաքականի անդամ Վալերի Մովսիսյանը երկամարտի 340 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը (155+185): Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Գրիգոր Ղազարյանը երկամարտի արդյունք չի գրանցել՝ հրում վարժությունում պայքարից դուրս մնալով վնասվածքի պատճառով: Ղազարյանը պոկում վարժությունում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 150 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցնելով 6-րդ տեղը:

88 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Սուրեն Գրիգորյանը մեդալ չի նվաճել: Պոկում վարժությունում Գրիգորյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 155 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունում նա 4-րդն էր: Հրում վարժությունում Գրիգորյանը հրաժարվել է պայքարից:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք. Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:

18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:

Մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարում ժամը 20:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Լիանա Գյուրջյանը:

Ժամը 22:00-ին երիտասարդների տարիքային խմբում հանդես կգա գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը: