Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երրորդ անգամ կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը։

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարաության, Արարատի մարզպետարանի, Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 1-9-ը հանրապետության 11 թատրոններ հանդես կգան իրենց լավագույն ներկայացումներով (խաղացանկը կցվում է), որոնք նախատեսված են թե՛ փոքրերի, թե՛ մեծահասակների համար։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև թատրոնի նախկին աշխատակից Գրիշա Եփրեմյանի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված նրա 100-ամյակին։

Նոյեմբերի 9-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ: