Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների Եվրոպայի և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել:
71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով (145+176 կգ) նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջինն է եղել՝ հաջորդաբար բարձրացնելով 131 կգ, 136 կգ ու 145 կգ ծանրաձողերը: Վերջին մոտեցումով Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել: Հրում վարժությունում ևս Կարապետյանն առաջին տեղն է զբաղեցրել՝ գլխավերևում պահելով 166 կգ, 172 կգ և 176 կգ կշռող ծանրաձողերը և սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Նարեկ Գրիգորյանը, երկամարտի 318 կգ արդյունքով (143+175 կգ) դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: Առանձին վարժություններում ևս հայ ծանրորդն արծաթե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ Գրիգորյանը պոկել է 131 կգ, 136 կգ, 143 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում նա բարձրացրել է 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 327 կգ արդյունքով (145+182 կգ):
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրել է 145 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175 կգ և 182 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում ևս նա երրորդն էր:
Հոկտեմբերի 31-ին Հայաստանը երկու մասնակից կունենա Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Երևանի ժամանակով 16:00-ին երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 79 կգ քաշայիններ Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Պողոսյանը: