ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ սովորում է Ղարաբաղից տեղահանված 250 աշակերտ, աշխատում են 12 մանկավարժ, 8 վարչական կամ այլ պաշտոն զբաղեցնող մասնագետ։
Դպրոցը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված բյուջետային աջակցության և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (Global Concessional Financing Facility, GCFF) կողմից հատկացված միջոցներով մշակված աջակցության ծրագրի շահառու է: Ծրագիրն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների ներառմանն ու շարունակական կրթության ապահովմանը՝ նպատակ ունենալով աջակցել բռնագաղթած մանկավարժներին՝ մասնագիտական գործունեությունը շարունակելու, իսկ սովորողներին՝ նոր միջավայրում ինտեգրելու հարցերում։
Պաշտոնյաները դպրոց են այցելել՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը, քննարկելու նման նախաձեռնությունների հասցեականությունը՝ տեղահանված քաղաքացիների կրթական իրավունքների ապահովման, ինչպես նաև զբաղվածության ապահովման գործում։ Քննարկման ժամանակ անդրադարձ է արվել նաև Համաշխարհային բանկի լրացուցիչ ֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության կողմից Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցմանը։
Նշենք, որ ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշման նախագիծ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է այդ մասնագետների գործունեությունը հանրակրթական ուսումնական հաստատությունում շարունակելու հնարավորություն ստեղծել:
 
                     
                