ՀՀ մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի պետական բյուջեում։
Մասնավորապես՝ նախատեսվում է երեք մարզական ֆեդերացիաների տրամադրել 44 միլիոն 801,7 հազար դրամի լրացուցիչ միջոցներ՝ միջազգային առաջնություններին մասնակցության և նախապատրաստական աշխատանքների համար՝
- Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ 26 միլիոն 864,3 հազար դրամ՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցության համար
- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ 12 միլիոն 717,4 հազար դրամ՝ Սոֆիայում կայանալիք Եվրոբասկետի նախընտրական փուլի համար
- Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային՝ 5 միլիոն 220 հազար դրամ՝ Վրաստանի Թելավի քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ18 աղջիկների առաջնությանը մասնակցելու նպատակով
Նախատեսվում է լրացուցիչ 99 միլիոն 178 հազար դրամ հատկացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման համար՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։
 
                    