Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է:
Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները, Իսահակյանի գրական ժառանգության սիրահարներ:
Ներկաները նշանավորել են Ավետիք Իսահակյանի կյանքն ու գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։ Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի սովորողները հնչեցրել են Վարպետի խոսքն ու ասմունքել բանաստեղծություններից հատվածներ: Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդի» սաները (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան) հանդես են եկել երգեցողությամբ՝ կատարելով Իսահակյանի խոսքերով գրված երգեր:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ուղին բացառիկ են ոչ միայն հայ գրականության, այլև հայ մտքի պատմության մեջ։ «Հոբելյանական տարին հրաշալի հնարավորություն է՝ առավելագույնս հանրահռչակելու Վարպետի ժառանգությունը բարձրակարգ միջոցառումների և ծրագրերի միջոցով, վերաիմաստավորելու մեր դասական գրական ժառանգությունը և արժևորելու այն գաղափարներն ու արժեքները, որոնցով Վարպետը ձևավորել է հայ մարդու հոգևոր դիմագիծը։ Վարչապետի որոշմամբ ձևավորված հոբելյանական պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, համերգներ, կրթամշակութային ծրագրեր: Այս միջոցառումները հնարավորություն են ընձեռում նորովի բացահայտելու Իսահակյանին և տեսնելու նրա գրական ժառանգության նոր շերտերը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Իսահակյանին և վստահ ենք, որ նրա խոսքն ու գաղափարները շարունակելու են դաստիարակել նաև ապագա սերունդներին: Թող Իսահակյանի հիշատակը լինի վառ, իսկ գործը՝ անմահ»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Լայպցիգում, որտեղ երիտասարդ տարիներին բանաստեղծի ապրած տան պատին տեղադրվել է հուշատախտակ: Իսահակյանի գործերը ներկայացվել են Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում։ Նման հուշատախտակ կտեղադրվի նաև Վենետիկում, իսկ Ֆրանսիայի ԻՆԱԼԿՕ համալսարանում և Թեհրանում իրականացվում են «Աբու Լալա Մահարի» պոեմի նոր թարգմանությունների շնորհանդեսներ՝ ի վկայություն Իսահակյանի համամարդկային արժեքների արդիականության։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն իր խոսքում անդրադարձել է թանգարանի գործունեությանը՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանն ու տարածմանը, այն նոր սերունդներին փոխանցելու կարևորությանը. «Անչափ գնահատելի է, որ այսօր էլ հոբելյանական միջոցառումներին մասնակցում են դպրոցականներ և ուսանողներ, որոնք քայլերթի ժամանակ անգամ խանդավառված արտասանում էին Իսահակյանի բանաստեղծությունները և երգում երգեր՝ գրված բանաստեղծությունների բառերով: Երիտասարդների, ուսանողների, դպրոցականների վերաբերմունքն ու սերը դեպի Վարպետի գրական ժառանգությունը փաստում է, որ Իսահակյանը ապրում է, Իսահակյանը մեզ հետ է»:
Ավիկ Իսահակյանն էլ է անդրադարձել Վարպետի գրական ժառանգությանը, մասնավորապես՝ «Աբու Լալա Մահարի» պոեմին՝ հավելելով, որ բազմաթիվ անգամներ ընթերցելով այն՝ միևնույն է՝ ամեն անգամ գրական այս գործը նոր հույզեր և բացահայտումներ է բերում:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է միության իրականացրած բոլոր այն նախաձեռնությունները, գրական գործերն ու հոդվածները, որոնք նվիրված են Իսահակյանին: «Մեծ գրողներն ավելի շատ ապրում են ապագայում, քան իրենց ներկայում: Ապագան միշտ լինելու է, նրանք ևս: Ասածս առավել խորությամբ հասկանալու համար կարդացեք Ավետիք Իսահակյանի տարբեր տարիների հոդվածներն ու նամակները, որոնք արտացոլում են այսօրվա և վաղվա մեր կյանքը: Իսահակյանը հավերժական է իր խոսքով և գրական ժառանգությամբ»,- դիմելով երիտասարդներին՝ ասել է Էդվարդ Միլիտոնյանը:
Հաջորդիվ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Մի մկան պատմություն» պատկերազարդ, խոսող խաղ-գրքի շնորհանդես, որի ընթացքում ելույթ են ունեցել Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդի» սաները (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Արև մոդելս» ՀԿ-ի սաները (հատուկ մանկավարժ՝ Զեմֆիրա Եգանյան)։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև նկարիչ Արա Հովսեփյանի հեղինակած Իսահակյանի դիմանկարի նվիրատվությունը թանգարանին: Թանգարանը միջոցառման մասնակիցներին և հյուրերին հյուրասիրել է կաթով սուրճ և թխվածք, որը Վարպետի սիրելի քաղցրավենիքն է եղել։
 
                     
                 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        