Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ մշակելու, ներդնելու և վարելու համար անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: ՀՀ կառավարության հերթական նիստում հավանություն է տրվել համապատասխան օրենսդրական փոփոխության նախագծին։
Որոշման ընդունումը նպատակ ունի ստեղծել վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգ՝ զանգվածային սպորտի, մեծ նվաճումների սպորտի և մանկապատանեկան մարզադպրոցների վերաբերյալ։
Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն հավաստի և ամբողջական տվյալներ մարզադպրոցների վերաբերյալ, այդ թվում՝ մարզադպրոցի գտնվելու վայրը, պատասխանատուների տվյալները, գործող մարզաձևերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոցի սաների ցուցաբերած մարզական արդյունքները և այլն:
Համակարգում կարտացոլվեն նաև մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի, տղա/աղջիկ մասնակիցների համամասնությունը, հաղթողները, մրցանակակիրները և այլն:
Մարզական բարձր նվաճումներին, այդ թվում՝ հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները ևս արտացոլված կլինեն համակարգում, դրանք կներկայացվեն՝ ըստ տարբեր մարզաձևերի ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած բարձր արդյունքների, նվաճած մեդալների ընդհանուր թվի և այլն:
 
                    