ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստան ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում կազմակերպված «Հավաքածուների պահպանման պլան» խորագրով վերապատրաստման ամփոփիչ միջոցառումը։

Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ՝ Ազգային ժառանգության ինստիտուտի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից:

Ծրագրի ամփոփմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, դեսպանատան ներկայացուցիչներ, հայաստանյան թանգարանների տնօրեններ:

«Ծրագիրը միավորել է Հայաստանի և Ֆրանսիայի տարբեր մշակութային կառույցների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացը դարձնելով առավել համակարգված և արդյունավետ։ Այս նախաձեռնությունը կարելի է համարել ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակներից մեկը։ Ժառանգության պահպանության նորօրյա մարտահրավերների դիմագրավման համատեքստում այն արտացոլում է համընդհանուր պատասխանատվությունը և առաքելությունը։ Ծրագիրը խորհրդանշում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ կապերը՝ միաժամանակ ուղենշելով մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման լայն հեռանկարները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի կառավարությանը, գործընթացում ներգրավված բոլոր կողմերին և ֆրանսիացի գործընկերներին՝ իրենց մասնագիտական փորձով և ներգրավմամբ դասընթացի հաջող ընթացքին նպաստելու համար:

Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ՝ նպաստելով մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության խորացմանը և համատեղ նախաձեռնությունների իրագործմանը։

«Հավաքածուների պահպանման պլան» մեկշաբաթյա վերապատրաստումը միավորել է ժառանգության ոլորտի մասնագետներին, զինվորականներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հայաստանյան պատմամշակութային ժառանգության դերակատարների կարողությունների ամրապնդման համար կարևոր հետևյալ թեմաների շուրջ՝

  • մշակութային արժեքների կառավարման հարցերը երկրաշարժից հետո,
  • մեծածավալ ստեղծագործությունների և օրգանական նյութերի տեղափոխում,
  • զինված հակամարտության դեպքում ժառանգության պաշտպանության միջոցառումներ:

Նշենք, որ «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Այն անցկացվել է երկու փուլով. 2022-2023 թթ. իրականացվել է 14 ծրագիր՝ 400 մասնակցով, 2024-2025 թթ.՝ 9 ծրագիր՝ ընդգրկելով 240 մասնակցի: