Լոռու մարզի Վանաձոր համայնքում կհիմնվի Թումո ստեղծարար կենտրոն: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձոր քաղաքի Թատերական փողոց, 1/1 սպայի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել է «Սիմոնյան կրթական հիմնադրամին»:

Հարցի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Թումո ցանցի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ առաջին Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Այսօր արդեն հանրապետությունում գործում են 6 Թումո կենտրոն և կից 40 տուփ, որոնցում շաբաթը երկու անգամ կրթական ծրագրերի են հաճախում 12 տարեկանից բարձր ավելի քան 21 հազար պատանիներ, ինչպես նաև շուրջ 1000 շրջանավարտներ՝ ազատ գրաֆիկով:

«Փոքր համայնքների 12 և ավելի բարձր տարիքի երեխաները Թումո տուփերում անցնում են ինքնուսուցման փուլեր, ապա Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով տեղափոխվում են մոտակա Թումո կենտրոն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու տեղեկացրել՝ վերջին կենտրոնը հիմնվել է Կապանում 2025 թվականի մարտին ԵՄ աջակցությամբ իրականացվող «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում:

Նրա խոսքով՝ Վանաձորից բացի՝ Թումո կենտրոնների հիմնում է նախատեսվում նաև Էջմիածնում, Մասիսում, Արմավիրում, Աբովյանում, Աշտարակում, Մարտունիում և Սիսիանում՝ հարակից 26 տուփերով:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Թումո կրթական ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է նաև արտերկրում՝ որպես լավագույն փորձ տեղայնացվելով մի շարք երկրներում։ Հայաստանից դուրս Թումո կենտրոններ են բացվել Ֆրանսիայում, Ալբանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Արգենտինայում և ԱՄՆ-ում: 2025 թվականի հունիսին Թումո կենտրոն է բացվել նաև Ճապոնիայում, կենտրոնի հիմնադրման աշխատանքներ են սկսվել Ուրուգվայում, Իսպանիայում, Բելգիայում, Վրաստանում, Հնդկաստանում և Ղազախստանում։ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ այս քաղաքականությունը լիովին համահունչ է կրթության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին․ որում կրթության ոլորտի ռազմավարական 3 ուղղություններից մեկն ամբողջովին նվիրված է Հայաստանի կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացմանը և արտահանմանը։

«Սիմոնյան կրթական հիմնադրամի» ներկայացրած ներդրումային ծրագրի համաձայն՝ Վանաձորում նախատեսվում է նվիրաբերվող գույքը վերակառուցել, բարեկարգել և վերազինել: Արդյունքում՝ Վանաձորի կենտրոնը և կից՝ Սպիտակի, Ստեփանավանի, Դսեղի և Տաշիրի տուփերը ծառայություններ կտրամադրեն Լոռու մարզի շուրջ 6 հազար պատանիների։ Այս ծրագրի իրականացման նպատակով հիմնադրամի կողմից 3 տարիների ընթացքում կիրականացվի 1,8 մլրդ դրամի ներդրում։