ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագրում ներգրավված թանգարանների, թատրոնների, համերգային, մշակութային կազմակերպությունների ցանկը և շրջափուլի ժամկետը:

Ծրագրի շահառուները ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներն են, որոնք կարող են անվճար այցելել 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն: Ծրագրի այս շրջափուլի ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

Բաժանորդային ծրագրի իրականացման հիմքում կրթության և մշակույթի համադրումն է՝ որպես պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություն։ Ծրագրի նպատակն է ձևավորել ՀՀ արժեքահենք քաղաքացի՝ ապահովելով դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար։

Դպրոցականների մշակութային հաստատություններ այցելությունները նպաստում են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը՝ դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով:

Ժամկետները և ծրագրային ուղղությունները

Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն: Այցերն իրականացվում են հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ մեկ կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրերին համապատասխան։ Մասնավորապես՝ թանգարաններում կարող են անցկացվել թեմատիկ դասեր, իսկ թատրոններում և համերգասրահներում դիտել ներկայացումներ, ունկնդրել համերգային միջոցառումներ՝ հաշվի առնելով խաղացանկերի և ուսումնական ծրագրերի ընդհանրությունը:

Այցելությունների կազմակերպումը

Այցելությունները մշակութային կազմակերպություններ նախապես ամրագրվում և համաձայնեցվում են: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ծրագրի համակարգող, որի միջոցով կազմակերպվում են այցելությունները:

Էլեկտրոնային ամրագրումը

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ապահովում է ծրագրի շահառուների՝ մշակութային կազմակերպություններ մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցիչների համար հասանելի են դառնում թանգարանների կրթական ծրագրերի կամ շրջայցերի մասին տեղեկատվությունը, թատրոնների խաղացանկը և համերգային կազմակերպությունների համերգային միջոցառումները՝ եռամսյակային կտրվածքով։ Ուսուցիչները յուրաքանչյուր դասարանի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընտրում են թանգարանը՝ կրթական ծրագրի կամ թեմատիկ շրջայցով, թատրոնը՝ ներկայացումով, համերգային կազմակերպությունը՝ համերգային միջոցառումով։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ցանկ, որտեղ հստակ երևում է, թե յուրաքանչյուր թանգարանը (կրթական ծրագր կամ թեմատիկ շրջայց), թատրոնը (ներկայացում) և համերգային կազմակերպությունը (համերգային միջոցառում) որ դպրոցներն ու դասարաններն են ընտրել։ Նշված ցանկերը տրամադրվում են մշակութային կազմակերպությունների համակարգողներին։

Ծրագրի արդյունքները

Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից և բնակության վայրից, այցելել իր համայնքում կամ այլ բնակավայրում գտնվող մշակութային հաստատություն՝ մշակութային արժեքների հետ հաղորդակցումը դիտարկելով որպես կրթության և ուսուցման անբաժանելի բաղադրիչ: