ԿԳՄՍ նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ կազմակերպել է եռօրյա աշխատաժողով՝ նվիրված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրառմանը։
Օրակարգային հարցերը վերաբերել են օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝ ՄԿՈՒ հաստատությունների պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման, քննությունների վերահանձնման և պետական որակավորող հանձնաժողովների ձևավորման նոր կարգերի մշակմանը, միկրոորակավորումներին, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների ճանաչմանը և այլն։
Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, ՄԿՈՒ հաստատությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ։ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի կիրառման շրջանակում ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին աջակցելու նպատակով Գերմանիայից հատուկ հրավիրվել է նաև միջազգային փորձագետ Միխայել Դյորը (Michael Dörr)։
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով աշխատաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների կարևորությունը՝ որպես մասնագիտական կրթության որակի վրա էական ազդեցություն ունեցող գործընթացների:
«Ոլորտի զարգացման համար առանձնակի նշանակություն ունեն միջազգային փորձագիտական աջակցությունը և մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա փորձառությունը: Ուրախ եմ, որ մեր հաստատությունների ներկայացուցիչները նույնպես ներգրավված են աշխատաժողովում՝ միջազգային փորձի և տեղական հնարավորությունների համադրելիությունը միասին ուսումնասիրելու նպատակով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համագործակցության համար:
Նոր օրենքի կիրարկման համատեքստում նա առանձնակի շեշտել է նաև մասնագիտական կրթության համակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկման կարևորությունը, որը ենթադրում է միկրոորակավորումների ճանաչման մեխանիզմների մշակում և ներդրում:
«ՀՀ կառավարությունը խրախուսում է ցկյանս կրթությունը և ոչ ֆորմալ կրթության մեջ ընդգրկվածությունը, և այս համատեքստում կարևորվում է վերջնարդյունքների ճանաչման գործընթացի պատշաճ իրականացումը»,- ասել է նախարարի տեղակալը՝ ենթաօրենսդրական ակտերի մշակման գործում կարևորելով միջազգային փորձի արդյունավետ տեղայնացումն ու համատեղ աշխատանքի արդյունքը:
Աշխատաժողովն ընթացել է խմբային քննարկումների ձևաչափով։ Բանախոսներն անդրադարձել են երկու առանցքային թեմաների՝ պետական ամփոփիչ ստուգման նոր կարգի մշակման հիմնական սկզբունքներ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչման համակարգի բարեփոխում։
Միջոցառումը կազմակերպվել է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։