ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ նախարարության հանձնառությունը՝ համապատասխանեցնելու ոլորտային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին և իրավակիրառ պրակտիկային: Նա ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերություններում գրանցված առաջընթացը և համագործակցության երեք մակարդակները: Առաջին մակարդակը, ըստ նրա, համագործակցությունն է Եվրոպական միության կողմից նախաձեռնված և Արևելյան գործընկերության երկրներին հասանելի տարբեր ծրագրերի շրջանակում, օրինակ՝ Erasmus+, Horizon Europe կամ Creative Europe, որոնք դիտարկվում են որպես ԵՄ գործիքներ: Երկրորդ մակարդակը տարածաշրջանային ծրագրերն են՝ EU4Youth («ԵՄ-ն հանուն երիտասարդության») կամ EU4Culture («ԵՄ-ն հանուն մշակույթի»), որոնք նախատեսված են Արևելյան գործընկերության երկրների համար։ Երրորդ մակարդակը բյուջետային աջակցության ծրագիրն է, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերն ու նախաձեռնությունները։
«Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության շրջանակում մենք ստանում ենք մեծ աջակցություն թե՛ ընթացիկ ոլորտային բարեփոխումների հաջող իրականացման, թե՛ մեր ներկայացրած տարբեր հարցումների ընթացքում, օրինակ՝ մշակութային ժառանգության պահպանման հարցերով։ Կարևորում եմ հատկապես կրթության և արդեն նաև մշակույթի ոլորտում ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպվող երկխոսության ձևաչափերը զարգացման գործընկերների հետ՝ ուղղված ոլորտային ծրագրերի համակարգմանը և համադրմանը համապատասխանաբար կրթության և մշակույթի պետական ռազմավարություններին։ Խոսելով կրթության ոլորտում համագործակցության մասին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ կրթության գիտելիքահենք մոդելից անցնելով դեպի արդյունքահեն և կարողունակահեն մոդել, ինչը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Նա տեղեկացրել է՝ Հանրակրթության պետական չափորոշիչը նախապես փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի աջակցությամբ, իսկ այնուհետ փուլային տարբերակով ներդրվել ՀՀ բոլոր դպրոցներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև EU4Innovation նախաձեռնության շրջանակում իրականացվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման ծրագրին, որը, Արթուր Մարտիրոսյանի խոսքով, յուրահատուկ կրթական մոդել է։ Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի լավարկման և գործողությունների ծրագրի իրականացման հարցում այժմ համագործակցություն է հաստատվել Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) հետ:
«Կրթության ոլորտում մենք նաև մեծապես շահում ենք Erasmus+ ծրագրերից։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այս ծրագրի շնորհիվ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ հատկապես համալսարանները, դարձել են ավելի նախաձեռնող և ակտիվ՝ զարգացնելով ինստիտուցիոնալ կարողությունները, ներդնելով նոր մասնագիտություններ և որակավորումներ։ Ներկայում իրականացվող 14 նախագծից 7-ի շրջանակում Հայաստանի համալսարանները հանդես են գալիս որպես գլխավոր գործընկերներ կամ կոնսորցիումի համակարգող, ինչը բացառիկ է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՄ երկիր չհանդիսանալու հանգամանքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ Erasmus+ ծրագրով եվրոպական համալսարաններում կրթություն է ստանում ՀՀ տարբեր բուհերի 355 ուսանող, իրականացվել է ակադեմիական 182 փոխանակում, ինչպես նաև ԵՄ համալսարանների 94 դասախոս դասավանդում է Հայաստանի տարբեր բուհերում։
Արթուր Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ԱԺ կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը ևս շատ ավելի ազատական է և լիովին համահունչ եվրոպական չափանիշներին. «Այն խրախուսում է կրթական ճկունությունը, ուսանողական և ակադեմիական շարժունությունը, ինչպես նաև օտար լեզուներով կրթական ծրագրերի իրականացումը։ Այս օրենքը նպաստում է Հայաստանի բուհերի միջազգային վարկանիշի բարձրացմանը, ինչպես նաև նաև օտարերկրյա ուսանողների ներգրավմանը»:
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի մասնագիտական կրթության ոլորտում կարողությունների զարգացման ենթածրագրի շրջանակում ներկայում իրականացվում է 9 ծրագիր, որոնցում, ընդհանուր առմամբ, ներգրավված է ՀՀ 23 ՄԿՈՒ հաստատություն։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Horizon Europe ծրագրի շրջանակում վերջին տարիներին գրանցած նշանակալի առաջընթացը: Նրա խոսքով՝ այժմ ընթացի մեջ են շուրջ 8,11 միլիոն եվրո արժողությամբ նախագծեր։ Նրա խոսքով՝ Հայաստանը հանդիսանում է Creative Europe Desk-ի մասնակից, սակայն դեռևս ընդգրկված չէ մեդիա բաղադրիչի ծրագրում:
Անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Արթուր Մարտիրոսյանն առանձնակի կարևորել է «ԵՄ-ն Հայաստանի համար» ծրագիրը՝ հատկապես դրա ստեղծարար արդյունաբերության բաղադրիչը։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, նպաստել է ստեղծագործ ոլորտի աշխուժացմանը՝ մշակույթը վերածելով տնտեսության իրական բաղադրիչի։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության կողմից՝ Կառավարության աջակցությամբ, և դրա արդյունքներից մեկը Հայկական մշակութային ասոցիացիայի (ACA) ստեղծումն է՝ որպես մշակույթի ոլորտում քաղաքացիական հասարակության միասնական ձայն և սոցիալական գործընկեր։
«Բացի այդ՝ ԵՄ-ի EU4Culture ծրագիրը նպատակ ունի ուժեղացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերը մշակույթի զարգացման գործում։ Այն նախատեսում է, որ համայնքներն ունենան մշակութային ռազմավարություններ կամ մշակույթը ներառեն իրենց հնգամյա զարգացման պլաններում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ Իջևան՝ որպես ընտրված քաղաք, արդեն մշակել է մշակութային ռազմավարություն, որը կարող է օրինակ ծառայել այլ համայնքների համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ Հայաստանն ընդունել է «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը, որով խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնումը:
Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն կարողությունների զարգացման, այլև ակտիվ քաղաքացիության խթանման միջավայրեր են՝ երիտասարդներին ներգրավելով հասարակական կյանքում և որոշումների կայացման գործընթացներում։ Նախարարի տեղակալը նաև կարևորել է EU4Youth (ԵՄ-ն հանուն երիտասարդության) տարածաշրջանային ծրագրին ՀՀ մասնակցությունը՝ միտված երիտասարդների շրջանում ձեռներեցության զարգացմանը, գործազրկության կրճատմանը, ինչպես նաև հանրային որոշումների կայացման գործում երիտասարդների մասնակցության բարձրացմանը։
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ներկայում գործում է նաև ԵՄ-ի կրթության ոլորտի բյուջետային աջակցության ծրագիրը՝ 29.3 մլն արժողությամբ, որն ուղղված է կրթական բարեփոխումներին՝ դպրոցների կլաստերային կառավարմանը, լաբորատորիաների հագեցմանը և վերապատրաստումներին։ Ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն կրթության ռազմավարության իրագործման տարբեր գործընթացներում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA)՝ նշելով, որ այդ համաձայնագրում արտացոլված են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտները, իսկ Կառավարության գործող որոշումներով առկա են ավելի քան 30 հոդվածներ, որոնցով իրականացվում են բարեփոխումներն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:
Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է ԿԳՄՍ նախարարության՝ բարեփոխումները շարունակելու և ՀՀ-ԵՄ երկխոսությունը մասնավորապես մշակույթի և կրթության ոլորտներում խթանելու հանձնառությունը: