ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներին, որոնք 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ են նվաճել Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Վովա Խոջայանը:
Ողջունելով մեդալակիր մարզիկներին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ նախարարի տեղակալը շնորհավորել է գրանցած բարձր արդյունքների և Հայաստանի մարզական հեղինակությունը միջազգային հարթակներում բարձր պահելու համար:
«Ձեր հաղթանակները շատ ոգևորիչ են և հպարտության առիթ բոլորիս համար: Ձեր աշխատանքը, կարգապահությունը և անմնացորդ նվիրումը հաջողությունների հիմքն են: Շնորհակալ եմ նաև մարզիչներին, որոնք իրենց անձնական ժամանակն ու ջանքն են ներդրել՝ պատրաստելով մարզիկներին: Դուք ոչ միայն մարզում եք, այլև ձևավորում եք մարզիկների արժեհամակարգը»,- նշել է Հասմիկ Ավագյանը՝ վերահաստատելով պետության հանձնառությունը՝ աջակցելու մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը:
Նշենք՝ Հայաստանի թիմից երիտասարդական ԱԱ-ի ոսկե մեդալին արժանացել է մարզական սամբոյի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնյանը (58 կգ), 88 կգ քաշային Սեյրան Սարուխանյանը դարձել է արծաթե, իսկ 71 կգ քաշային Մհեր Օհանյանը՝ բրոնզե մեդալակիր: Հայաստանի մարզական սամբոյի երիտասարդական հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ հորիզոնականը:
Մարտական սամբոյում երիտասարդների ԱԱ-ի արծաթե մեդալակիր է դարձել 79 կգ քաշային Արմեն Սաֆարյանը, բրոնզե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Տիգրան Գրիգորյանն ու 71 կգ քաշային Վադիս Համբարձումյանը: Պատանիների պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են 58 կգ քաշային Նարեկ Սիմոնյանն ու 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընդգծել է՝ հայ սամբիստների գրանցած արդյունքները բավական նշանակալի են՝ հաշվի առնելով, որ վերջին 4-5 տարիների ընթացքում Հայաստանի պատանիների ու երիտասարդների հավաքականները ոսկե մեդալ չէին նվաճել աշխարհի առաջնությունում:
«Այս հաջողությունները վկայում են մեր մարզիկների և մարզիչների պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։ Հայաստանն այսօր համարվում է սամբոյի զարգացման առաջատար երկրներից մեկը։ Մեր աշխատանքը հաճախ օրինակ է ծառայում այլ երկրների ֆեդերացիաների համար», - նշել է նա։
Նա նաև ընդգծել է՝ Երևանում 2022-ին անցկացված դեռահասների, պատանիների և երիտասարդների, ինչպես նաև 2023-ին՝ մեծահասակների աշխարհի առաջնությունները էապես նպաստել են սամբոյի մասսայականացմանը Հայաստանում:
«Հատկապես մարզերում զգալիորեն աճել է սամբոյով հետաքրքրվող երեխաների թիվը, և այսօր մեր նպատակն է՝ սամբոն հասանելի դարձնել բոլոր մարզերում և մարզադպրոցներում»,- ընդգծել է Միքայել Հայրապետյանը՝ այս համատեքստում ընդգծելով պետության աջակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնության, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի գավաթների անցկացմանը վերաբերող հարցեր:
Նշենք նաև, որ Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում՝ նախապատրաստվելով նոյեմբերի 5-10-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: