Կապադովկիայում հոկտեմբերի 22-24-ին կայացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանի:
ԵԽ Մշակութային ուղիներ ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստը 2026 թ. աշնանն անցկացվելու են Հայաստանի Հանրապետությունում: Ավանդույթի համաձայն՝ հաջորդ տարվա հյուրընկալ պետությունը հանդես է գալիս սահիկաշարով և մասնակից երկրներին հրավիրում իր երկրում կայանալիք ֆորումին: Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական մարմնի անդամ պետություններին պաշտոնապես հրավիրել է Երևան:
Ֆորումին ՀՀ պատվիրակության մասնակցության արդյունքում հնարավորություն է ընձեռնվել ամրապնդելու Հայաստան-Եվրոպա համագործակցությունը և մշակութային կապերը, ինչպես նաև հաստատվել է սերտ համագործակցություն Եվրոպայի գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք են բերվել նոր կապեր և պայմանավորվածություններ:
«Մշակութային ուղիներ» ծրագիրը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվում է 1987 թվականից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին՝ որպես մշակութային, սոցիալական կայուն զարգացման կարևորագույն գործոնի՝ միաժամանակ ցույց տալով, թե ինչպես է եվրոպական տարբեր երկրների մշակութային ժառանգությունը նպաստում համընդհանուր մշակութային ժառանգությանը: Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական ֆորումները կրում են ամենամյա բնույթ: