Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժությունում:

Եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14.600 միավոր և դարձել ԱԱ-ի փոխչեմպիոն: Ընդ որում՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Չինաստանի ներկայացուցիչ Յանմին Յոնը վաստակել է նույնքան՝ 14.600 միավոր:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ վաստակելով 14.433 միավոր:

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:

Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը: Նա հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: