«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում և Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվեն «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք կգործեն շուրջ 1 ամիս։

Ծրագրի նպատակն է թանգարանային միջավայրում նորաձևության և արվեստի համադրության միջոցով ստեղծել նոր գեղարվեստական հարթակ, որտեղ Հայաստանի և սփյուռքի դիզայներները կկարողանան ներկայացնել ժամանակակից մեկնաբանություններ՝ հիմնված թանգարանների հավաքածուի վրա։

Ծրագիրը նախաձեռնել են ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամը։

Յուրաքանչյուր թանգարան հանդես կգա ինքնատիպ ցուցադրությամբ՝ բացահայտելով նորաձևության և կերպարվեստի, ավանդույթի և նորարարության փոխկապակցվածությունը։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն Հայաստանից և սփյուռքից 30 դիզայներների աշխատանքներ՝ ոգեշնչված թանգարանային հավաքածուում պահվող արվեստի գործերից։ Դիզայներների կողմից ստեղծված հագուստները և աքսեսուսարները կհամադրվեն թանգարաններում ցուցադրվող թանգարանային նմուշների հետ և կներկայացվեն հատուկ թանգարանային մանեկենների վրա։

Միջոցառման ծրագիրը

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև»

Ամսաթիվը՝ 24.10 – 24.11.2025

Հայաստանի ազգային պատկերասրահում կներկայացվեն հայ դիզայներների հագուստներ, որոնք ստեղծվել են՝ թանգարանի մշտական ցուցադրության արվեստի գործերից ոգեշնչվելով։ 25 հայ դիզայներներ ներկայացնում են հագուստներ, որոնց հիմքում ընկած են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստի տարբեր դարաշրջանների վարպետների ստեղծագործությունները։ Դիզայներները ոգեշնչվել են Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Գարզուի, Ժանսեմի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Հովնաթանյանի և այլոց աշխատանքներից՝ ստեղծելով ժամանակակից ձևերի մեջ արտահայտված արվեստ։

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)

Ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ նորաձևության հակառակ կողմը»

Ամսաթիվը՝ 24.10 – 24.11.2025

Ցուցադրությունը կհամադրի ռուս հայտնի նկարիչ Արթուր Ֆոնվիզինի (1882–1973) «Կնյազևսկայա Տատյանա Բորիսովնայի դիմանկարը» ջրաներկ աշխատանքը (երկկողմանի՝ հակառակ կողմում նատյուրմորտով) և Moment of White բրենդի զգեստների հավաքածուն։

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ Փարաջանովն ու նորաձևությունը»

Ամսաթիվը՝ 25.10 – 25.11.2025

Սերգեյ Փարաջանովի թանգարանում կներկայացվի ցուցահանդես, որը միավորում է 20-րդ դարի հայկական արվեստը և ժամանակակից նորաձևությունը։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու նոր ձևով վերաիմաստավորված փարաջանովյան աշխարհը։ Հայ դիզայներներ Վահան Խաչատրյանը, Սոնա Հովսեփյանը (Soncess) և Մանե Մելիքյանը կներկայացնեն իրենց աշխատանքները՝ ստեղծված Փարաջանովի արվեստից և գեղագիտական մոտեցումներից ներշնչված։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Ցուցահանդես՝ «Կերպի ձևը․ կամրջելով անցյալը և ներկան»

Ամսաթիվը՝ 28.10– 28.11.2025

Ցուցադրությունը միավորելու է ավանդականը և ժամանակակիցը՝ բացահայտելով հայկական ստեղծագործական մտքի շարունակականությունը։ Թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված նմուշները՝ ժանեկագործություն, ասեղնագործություն, մաքրամե, կանացի տարազներ, ինչպես նաև արծաթի զարդարվեստ՝ զուգաթելի և հատիկի տեխնիկաներով, ներկայացնում են հայ վարպետների նրբաճաշակությունն ու արհեստավարժությունը։ Ավանդական արվեստին զուգահեռ ցուցադրվելու են ժամանակակից մոտեցումներ՝ Hand by Hand-ի կողմից ստեղծած հսկայական գործվածքը, «Թումո» ստուդիաների ուսանողների աշխատանքները և «LOOM WEAVING» բրենդի զգեստը, որոնք խորհրդանշում են նոր սերնդի ջանքերը՝ վերաիմաստավորելու հայկական գործվածքի ավանդույթները։