Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Կրթության մասին» և կից օրենքներում առաջարկվող կարգավորումները: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները փուլային տրամաբանությամբ կունենան մեկ լիազոր մարմին, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել պատգամավոր Նարեկ Բաբայանը և Կառավարությունը, որոնք ընդունվել են: Հստակեցվել է մանկավարժական աշխատողի սահմանումը:
«Այս փոփոխությամբ շատ կարևոր խնդիր ենք լուծում, որպեսզի այն մասնագիտացված հաստատություններում, որոնք սերտորեն փոխկապված են կրթական և մանկավարժական գործունեության հետ, ինչպիսին, օրինակ, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն է, աշխատանքային ստաժը նույնպես համարվի մանկավարժական ստաժ: Եթե նշյալ հաստատությունների աշխատակիցները զբաղվում են հանրակրթության մեթոդների, գնահատման գործիքակազմերի մշակմամբ, ակնհայտ է, որ նրանք ևս պետք է դիտարկվեն իբրև մանկավարժական աշխատողներ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կարևոր կարգավորում է տրվում նաև դպրոցների անվանակոչման ընթացակարգի առումով. մասնավորապես՝ նախատեսվում է անվանակոչության գործընթացը վերսկսել այն իրավական ակտի ընդունումից հետո, որով կսահմանվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկերը. «Սա հատկապես ակտուալ է հիմա, երբ ունենք կրթահամալիրների մեծ ծրագիր, և տարբեր դպրոցներ վերանվանվելու են կրթահամալիրների, տեղի են ունենալու նաև մի շարք այլ փոփոխություններ։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում միասնական ցանկի հաստատումից հետո անդրադառնալ դպրոցների անվանակոչությանը»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ փոփոխությամբ դպրոցում աշխատանքի հնարավորություն է ընձեռվելու տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած անձանց համար:
«Առկա են դեպքեր, երբ մարդիկ ունեն հարակից մասնագիտության բարձրագույն կրթություն և անցել են կամավոր ատեստավորում, այսինքն՝ առարկայական գիտելիքի իմացության մակարդակը հավաստված է: Եթե այս անձինք կարողանան նաև մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտի ծրագիրն էլ անցնել, ապա նրանք կաշխատեն դպրոցներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը շատ ավելի լավարկված է և ամբողջական:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նրա՝ առաջինից երկրորդ ընթերցում գործադիրը ներկայացրել է ձևակերպումներն առավել հստակեցնելուն ուղղված առաջարկներ, որոնք ընդունվել են: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացություններն ու հատուկ անունների կանոնարկումն իրականացնելու է Կոնանարկման հանձնաժողովը:
«Այս փոփոխությունը կարևոր է, քանի որ կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող հասկացությունների կիրառության և դրանց գործընթացի կանոնարկման վերաբերյալ այս պահին կան գործնական խնդիրներ, և այս լիազորող նորմն ամբողջությամբ ընձեռելու է դրանք լուծելու հնարավորություններ»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նա իրազեկել է, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների ևս մեկ փաթեթ է շրջանառվում, որով հնարավորություն է ընձեռվելու ուժեղացնել բոլոր այն գործառույթները, որոնք վերաբերում են նշյալ օրենքի խախտումներին:
Նա միաժամանակ հիշեցրել է, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվական քաղաքականության հայեցակարգը, որը ևս ենթադրում է մի շարք կարգավորումներ: