ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և մասնակցությունը «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում» համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության, գիտության և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունն ու փորձի փոխանակումը։

Գիվի Միկանաձեն նշել է, որ տպավորված է «Ակադեմիական քաղաք» նախագծով և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն ակտիվ համագործակցություն, իրականացվում են համատեղ տարբեր ծրագրեր, մշակվում են նոր նախագծեր։ Մասնավորապես՝ դրանք վերաբերվում են ուսանողների համար կրթաթոշակների տրամադրմանը, կրթական ճամբարների կազմակերպմանը և այլն։ Նախարարը ներկայացրել է Վրաստանում իրականացվող կրթական բարեփոխումները և համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, գիտահետազոտական ծրագրերի և ուսանողական շարժունության ոլորտներում։

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում։

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն այցելել է նաև Ազգային ժողով, հանդիպել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների, մշտական հանձնաժողովների և բարեկամական խմբերի միջև առկա է բավականին ակտիվ փոխգործակցություն: Գիվի Միկանաձեն ևս կարևորել է երկու երկրների միջև ակտիվ փոխհամագործակցությունը: Երկուստեք նշվել է, որ պաշտոնական փոխայցերը, համատեղ իրականացվող կրթական, մշակութային միջոցառումները կամրապնդեն և նոր որակի կհասցնեն Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները:

Հայաստան այցի շրջանակում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Երևանի պետական համալսարանում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը։

Վրաստանից ժամանած պատվիրակությանը ներկայացվել են ԵՊՀ-ում վրացագիտության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու տարեցտարի այդ առարկայի նկատմամբ ուսանողների շրջանում հետաքրքրության նկատելի աճը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է Պատմության ֆակուլտետում գործող Վրացագիտության կենտրոնի հիմնական գործունեությունը, որը ներառում է գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի իրականացում, այդ թվում՝ «Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանակում վրացերենի դասընթացներ։

Ակադեմիական կապերի զարգացման համար առաջարկվել է Վրաստանի բուհերի ասպիրանտուրայի հայագետներին հնարավորություն ընձեռել թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու ԵՊՀ-ում, իսկ ԵՊՀ ասպիրանտուրայի վրացագետներին՝ Վրաստանում: Ընդգծվել է նաև գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև ուսանողների ամառային և ձմեռային ճամբարների անցկացման, ինչպես նաև մագիստրանտներին մեկ կիսամյակ փոխանակման ծրագրերում ներառելու ու կրկնակի դիպլոմի ծրագրի գաղափարները: