Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում:

130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի նկատմամբ: Եզրափակչում, սակայն, Քուրդյանը զիջել է 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Հոկտեմբերի 22-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը: Հայ ըմբիշը հաղթանակներ է տարել Շվեդիայի, Հնդկաստանի, Ղրղզստանի և ԻԻՀ ներկայացուցիչների նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Յուրիկ Պետրոսյանը (82 կգ), Ռուբեն Գևորգյանը (87 կգ), Արշակ Գեղամյանը (97 կգ):

Հաջորդիվ Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչոտւր Խաչատրյանը (125 կգ):