Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ցուցահանդեսին ներկայացվել են մրցույթի մասնակիցների աշխատանքները, միջազգային հեղինակների պատկերապատված վեպերից հատվածներ՝ թարգմանված և հրատարակված ReA Comics-ի կողմից։ Ներկայացվել են նաև հատվածներ նախորդ տարվա մրցույթի հաղթող Լենա Դերունցի «Մխիթարանք» պատկերապատված գրքից։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համախումբ ուժերով մրցույթի կյանքի կոչումը. «Արվեստի այս ձևը մի կողմից հնարավորություն է տալիս պատկերների միջոցով տեսանելի ու մատչելի դարձնել ասելիքը, մյուս կողմից՝ պահում է գրքի դասական ձևաչափը և ընթերցանության այս տարբերակը դարձնում է հետաքրքրական: Սա նաև լրացնում է ընթերցանության մշակույթը խթանելու մեր ջանքերը՝ հասանելի դառնալով լսարանին»:
Նրա դիտարկմամբ՝ այսպիսի մրցույթները տաղանդների դրսևորման միջավայր են ձևավորում: Նախարարը հատկապես կարևորել է որակական չափանիշների և միջազգային հանձնաժողովի ներգրավվածությունը, որը շնորհալի երիտասարդների համար դառնում է կյանքի ճանապարհ: «Սա համատեղ աշխատանքի արդյունք է: Վստահ եմ՝ այդպիսով միասին նաև զարգացման հաջորդ փուլի օրակարգը կկազմենք»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին:
Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարը, «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, գործընկերներ։
ReA Comics-ի բացման ընթացքում տեղի է ունեցել նաև Ժան֊Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: