ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» երկրորդ օրը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կանխատեսել ապագան» խորագրով:
Բանախոսությանը հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, միջազգային առաջատար բուհերի պատվիրակներ, ՀՀ բուհերի ռեկտորներ, գիտական և պրոֆեսորադասախոսական հանրույթի անդամներ, ուսանողներ:
Խոսելով ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, և «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է. այն անհատի ապագայի կանխատեսման տրանսֆորմացիան է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Ըստ իս՝ «Ակադեմիական քաղաքը» այն նախագիծն է, որն առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք» նախագծի շատ կարևոր բաղադրիչներից են ավագ դպրոցները. «Մենք պլանավորում ենք, որ այնտեղ պետք է ունենանք արվեստների, տեխնոլոգիաների ավագ դպրոցներ. գաղափարն այն է, որ մեր լավագույն երեխաներին հնարավորություն տանք միջանկյալ փուլում ավելի մոտ գտնվել բարձրագույն և հետբուհական կրթությանը»,- ասել է Վարչապետը և հավելել, որ կրթական համակարգի դերը և նշանակությունը երեխայի տաղանդը բացահայտելն ու զարգացնելն է:
«Կյանքը սովորելու գործընթաց է, և, հետևաբար, մեր խնդիրն է կրթության գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ, առավել նպատակադրված, առավել ինֆորմացված: Եվ նույնը վերաբերում է երկրի կյանքին, և մեր պլանավորումն այն է, որ ակադեմիական քաղաքը դառնալու է գրավիտացիոն կենտրոն ՀՀ կյանքի համար, կանխորոշելու է կյանքի ընթացքը՝ անհատական, խմբային, համայնքային և պետական մակարդակով»։
Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դերակատարում կունենա ակադեմիական քաղաքը Հայաստանի կրթական էկոհամակարգի վերափոխման և երիտասարդ մասնագետների ներուժի լիարժեք իրացման գործում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ակադեմիական քաղաքը Հայաստանում զարգացման մտքի աքսելերացիոն կենտրոն, գրավիտացիոն կենտրոն պետք է լինի, որի շուրջ պետք է տեղի ունենան իրադարձությունները»:
Վարչապետի խոսքով՝ ակադեմիական քաղաքի կարևոր առանձնահատկություններից է աշխատատեղը պոտենցիալ ուսանողին մոտիկ բերելը, ինչը նրան հնարավորություն կտա հենց տեղում պրակտիկա անցնել: Այն լինելու է նաև ինտելեկտուալ ժամանցի թիվ մեկ կենտրոն:
Վարչապետն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքը բոլորովին այլ տրամաբանության նախագիծ է, որպեսզի և՛ ուսանողները, և՛ դասախոսներն այնտեղ լիարժեք ապրելու, գործելու հնարավորություն ունենան։