Սննդի համաշխարհային օրվա «Ձեռք ձեռքի՝ ավելի առողջ սննդի և ավելի լավ ապագայի համար» թեմայի շրջանակում Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվել է 10-օրյա մարաթոն:

«Կանաչ հայտնագործությունների մարաթոն» խորագիրը կրող միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համագործակցությամբ:

Ավելի քան 100 չորրորդ դասարանցիներ բացահայտել են սննդի՝ մարգից մինչև ափսե ճանապարհը՝ սեփական ձեռքերով ստեղծելով իրենց առաջին այգին:

Մարաթոնի շրջանակում դպրոցականների համար անցկացվել է «Հողը՝ կերակրող մայր» թեմայով ինտերակտիվ դասարանական ժամ, ինչպես նաև «Սերմեր ապագայի համար» գործնական-փորձարարական դաս: Մարաթոնը եզրափակվել է «Մարգից ափսե» տոնական փառատոնով։ Դպրոցականները ներկայացրել են «Սերմի ճանապարհը» բեմադրությունը, որի ընթացքում ցուցադրվել են բնության տարրերի՝ հողի, ջրի, արևի և մեղուների համատեղ դերը սննդի շղթայում՝ սերմից մինչև բերք։

Միջոցառման ամփոփմանը ներկա են եղել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի տեղակալ Օսկար Էկդալը, Հայաստանում ՌԴ դեսպանության առաջին քարտուղար Եկատերինա Իվանովան և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչ Զարուհի Համբարձումյանը։

Հյուրերը կարևորել են առողջ սննդի և շրջակա միջավայրի պահպանության թեմաների վերաբերյալ դպրոցականների իրազեկման նշանակությունը՝ ընդգծելով, որ ճիշտ սննդակարգն առողջության և բարեկեցության կարևորագույն պայման է ոչ միայն յուրաքանչյուր անհատի, այլև ամբողջ երկրի համար։