Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ:

Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։

Պանելային առաջին քննարկմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն, Ծոցի համագործակցության խորհրդի կրթության արաբական բյուրոյի գլխավոր տնօրեն Մոհամմեդ բին Սաուդ բին Աբդուլազիզ Ալ-Մոքբելը, Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական Յանկո Սամարջիչը և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գուլզատ Կոբենովան ներկայացրել են կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումների առանձնահատկությունները:

Հետևողական մոտեցումը բարեփոխումների հաջող իրականացման գրավականն է

«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը՝ երկրի զարգացման շարժիչ ուժ» խորագրով պանելային երկրորդ քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Higher Futures» ընկերության գործադիր տնօրեն, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվավոր անդամ պրոֆեսոր Սըր Քրիս Հասբենդսը, Գիտահետազոտական գիտության ինստիտուտի (Research on Research Institute, RoRI) գործադիր տնօրեն Ջեյմս Ուիլսդոնը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես խոսվել է կրթության ու գիտության՝ պետական առաջնահերթություն լինելու մասին, իսկ վերջին հինգ տարիներին նշված ոլորտներում արձանագրվել են բեկումնային փոփոխություններ։

Որակի և մրցունակության բարձրացման հրամայական

«2020 թվականից գիտության ոլորտի ֆինանսավորումը գրեթե եռապատկվեց, իսկ 2023 թվականից մեկնարկեցին Կառավարության լայնածավալ բարեփոխումները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում․ դրանք չեն սահմանափակվում բյուջեից հատկացումների աճով, այլև շեշտադրում են հետազոտությունների որակի և մրցունակության բարձրացման հրամայականը, ինչը հնարավոր չի լինի առանց նախկինում առանձին գործող բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ներդաշնակեցման»,- նշել է նա՝ շեշտելով ակադեմիական և գիտական համակարգերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Հայոցյանի խոսքով՝ ներկայում բուհերի և գիտական կազմակերպությունների քանակը խիստ անհամաչափ է հանրապետության ակադեմիական և գիտական համայնքների ծավալին․ կան գիտակրթական կառույցներ, որ ունեն 100-ից քիչ ուսանող կամ գիտաշխատող, ինչպես նաև ոչ այնքան մրցունակ գիտակրթական ենթակառուցվածքներ։ Խնդրին փորձ է կատարվել լուծում տալ Կառավարության կողմից ժամանակակից սարքերի և սարքավորումների ձեռքբերման խոշոր ծրագրերի միջոցով, սակայն կազմակերպությունների միջև առկա վարչական և ֆիզիկական հեռավորությունը խոչընդոտում է այդ նորագույն գիտական ենթակառուցվածքների՝ առավել արդյունավետ օգտագործմանը և վերջիններիս հասանելիությանը գիտնականների ավելի լայն շրջանակին և ուսանողներին իրենց կրթական գործընթացի շրջանակում։

Ակադեմիական քաղաքում գիտությունը, կրթությունը և նորարարությունը կգործեն մեկ հարկի տակ

ԲԳԿ նախագահի հավաստմամբ՝ հենց այս խնդիրների կարգավորմանը կծառայի ակադեմիական քաղաքը՝ որպես կայուն համակարգ, որտեղ գիտությունը, կրթությունը և նորարարությունը գործում են մեկ ընդհանուր հարկի տակ։ Այս դրույթները մշակվել և ամրագրվել են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում, որը, իր հերթին, կայուն իրավական շրջանակ է ենթադրում ոլորտում իրականացվող լայնածավալ փոփոխությունների համար։

Նոր օրենքի կարգավորումները թույլ կտան բուհերի դասախոսներին առավել սահուն ինտեգրել հետազոտական համակարգին, կսահմանվեն չափանիշներ ակադեմիական անձնակազմի համար՝ նրանց համար նախատեսելով ճկուն աշխատանքային գրաֆիկ, որում կհամատեղվեն դասավանդումն ու հետազոտությունները։

Միաժամանակ՝ նոր օրենքով ներդրվում են բուհերի ֆինանսավորման նոր գործիքներ՝ հիմնվելով կատարողական արդյունքների վրա, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի տեսքով։

Պատրաստի լուծումները չեն կարող աշխատել համատեքստից դուրս

UCL-ի պատվավոր անդամ Սըր Քրիս Հասբենդսը կարևորել է համատեքստային մոտեցումը․ «Չկա պարզ պատասխան՝ ինչն է աշխատում և ինչու։ Յուրաքանչյուր երկրի համատեքստն ու քաղաքական միջավայրը տարբեր են, որով պայմանավորված՝ պատրաստի լուծումները չեն կարող աշխատել համատեքստից դուրս։ Հաջողության համար պետք է ձևավորել ոլորտային քաղաքականության կայուն շրջանակ և ժամանակ տալ համակարգին արձագանքելու փոփոխություններին»,- նշել է նա՝ հավելելով, որ կայունությունն ու համբերությունը ցանկացած բարեփոխման հաջողության նախապայմանն են։

Գիտական սփյուռքը կարող է դառնալ կարևոր կամրջող գործոն

RoRI-ի գործադիր տնօրեն Ջեյմս Ուիլսդոնը խոսել է գիտության և կրթության ոլորտում տարբեր երկրների փորձի առանձնահատկությունների մասին՝ անդրադառնալով նաև սփյուռքի ներուժի կիրառնանը. «Սփյուռքը կարող է ստեղծել գիտական կապեր, կիսվել հաջողված փորձով և աջակցել նորարարական էկոհամակարգի ձևավորմանը։ Նման օրինակներ արդեն տեսնում ենք նաև այլ երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանի գիտական սփյուռքի նախաձեռնությունները»։

Ուսանողները՝ փոփոխությունների գործակալներ

Պանելային երրորդ քննարկմանը մասնակցել են Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) զարգացման կառավարման ղեկավար դոկտոր Ջորջետա Աուկտորը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, Siemens RIE կազմակերպության նախկին ղեկավար դոկտոր Նատաշա Էկերտը, Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) կառավարման դպրոցի գործադիր տնօրեն, դոկտոր Բարբարա Տաշը։

Պանելային քննարկման հիմքում ընկած էր այն գաղափարը, որ համալսարանները կարող են դառնալ կենսունակ նորարարական էկոհամակարգերի շարժիչ ուժ՝ շնորհիվ ոչ միայն բուհ-արդյունաբերություն կապի խորացման, այլև ուսանողների ձեռնարկատիրական ռեսուրսներով և մենթորությամբ։

Բանախոսները կարևորել են նաև պետական մարմինների և մասնավորի համագործակցությունը՝ նորարարական արշավների և մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով։

Siemens RIE կազմակերպության նախկին ղեկավար դոկտոր Նատաշա Էկերտը, կիսվելով ուսանողների հետ բազմամյա աշխատանքի փորձով, նկատել է, որ պարզապես խորը տեխնիկական գիտելիքը բավարար չէ նորարարության համար․ անհրաժեշտ է լավ տիրապետել արդյունաբերության տվյալ ոլորտի համատեքստին և զարգացնել խնդիրների լուծման հմտությունը։

«Տեխնոլոգիական տրանսֆերը ծնվում է այն ժամանակ, երբ փոխակերպում ես գիտահետազոտական արդյունքները բիզնես պրոդուկտի, որը այդքան էլ հեշտ գործընթաց չէ»,- նշել է Էկերտը։

Միջգիտակարգային փոխգործակցության միջավայր (Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի օրինակ)

Խոսելով նորարարությունների խթանման՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) փորձից՝ TUM կառավարման դպրոցի գործադիր տնօրեն, դոկտոր Բարբարա Տաշը նշել է, որ նորարարությունը ծաղկում է այնտեղ, որտեղ համալսարանները ստեղծում են ֆիզիկական և բովանդային միջավայրեր, որոնցում հանդիպում են ուսանողները, գիտնականներն ու համալսարանի դասախոսները։ Տաշի համոզմամբ՝ բուհն այն տարածքն է, որտեղ բոլորն ունեն գերազանց գաղափարներ, և բուհի առաքելությունն է՝ ստեղծել միջավայր, որպեսզի այդ գաղափարները զարգանան, այդ թվում՝ պրոտոտիպավորման ենթակառուցվածքների, աքսելերացիոն ծրագրերի և արդյունաբերական ցանցերին հասանելիության միջոցով։

«Նման նորարարական հանգույցները նպաստում են գաղափարների փորձարկմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի նորարարական հանգույցի հենքի վրա հիմնադրված կազմակերպություններից 30-ը դարձել են յունիքորն, ինչը, սակայն, երկարատև աշխատանքի արդյունք է։

Նորարարությունը պահանջում է համակարգային մոտեցում

Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) զարգացման կառավարման ղեկավար դոկտոր Ջորջետա Աուկտորի կարծիքով՝ նորարարական մշակույթը պետք է ձևավորվի ինստիտուցիոնալ մակարդակով՝ ներառվելով բուհի առաքելության, տեսլականի և ռազմավարական պլանի մեջ։

Գործընթացը պահանջում է հստակ ձեռնարկատիրական քաղաքականություն՝ ճկուն կառավարմամբ, շահերի բախումը բացառող կանոններով, դասախոսների և հետազոտողների խրախուսման մեխանիզմներով, միջգիտակարգային հետազոտություններին տրվող մեկնարկային դրամաշնորհներով (seed funds) և ֆակուլտետների լայն շրջանակում ձեռնարկատիրության հիմունքների ուսուցմամբ։

«Նորարարական գործունեության, ստարտափների և «spin-off»-ների որոշակի ծավալի ձևավորվելուն պես կարևոր է նաև տեխնոլոգիական տրանսֆերի գրասենյակի առկայությունը։ Սա թույլ է տալիս, որ պետական կամ մասնավոր հատվածներից գործընկերները հստակ իմանան՝ ում հետ են շփվում և կարողանան համակարգված ու հետևողական պատասխաններ ստանալ, որը կհեշտացնի համագործակցության խորացումը տվյալ հաստատության հետ»,-նշել է նա։

Պանելային քննարկումներին հաջորդել են անհատական ներակայացումները ակադեմիական քաղաքի միջազգային գործընկերների կողմից:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման պատասխանատու Ջիէմփի Արքիթեքթս (gmp Arcitects) կազմակերպության փոխտնօրեն Տոբիաս Քեյլը խոսել է կրթության և գիտության առաջընթացի համար ինտեգրված կենսունակ էկոհամակարգի ձևավորման առանձնահատկությունների մասին:

Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի պատասխանատու Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգ (RSUP) կազմակերպության հիմնադիր Յոհան Րաբեն ներկայացրել է ակադեմիական քաղաքի քաղաքաշինական ռազմավարությունն ու տնտեսական ներուժը։

Պանելային քննարկումների ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան: