ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

«Նախագծի շուրջ աշխատում ենք գրեթե 2 տարի: Բավականին մեծ ճանապարհ ենք անցել, և այժմ ամեն ինչ պատրաստ է, որպեսզի սկսենք ծրագրի իրականացումը: Գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը: Առաջին փուլը նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը, ինչն իրատեսական եմ համարում: Առաջին փուլի համար նախատեսված է տեխնոլոգիական բուհի հիմնում ակադեմիական քաղաքում: Կունենանք շուրջ 3600 ուսանողների և ակադեմիական աշխատակազմի համար նախատեսված կացարաններ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ ամեն ինչ պատրաստ է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ֆինանսական և ներդրումային պլանի մշակման շրջանակում նախարարությունը համագործակցում է հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ, և առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ծրագրի ներդրումային պլանը: ««Ակադեմիական քաղաք» մեծածավալ ծրագիրն իրականացվելու է ոչ միայն պետական բյուջեի միջոցներով, այլև մասնավոր և միջազգային ներդրումների ներգրավմամբ՝ ծրագրի տարբեր բաղադրիչներում ներգրավելով համապատասխան գործընկերների»,- ասել է նախարարը՝ կարևորելով ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես՝ Ազգային ստադիոնի կառուցման առումով: Նրա տեղեկացմամբ՝ զուգահեռ բանակցություններ են ընթանում ներդրումային առաջարկների ուղղությամբ. «Ծրագրի հետագա ֆինանսավորումն ապահովելու նպատակով առաջիկայում կունենանք նաև առանձին ներդրումային աշխատաժողովներ, որոնցում կներգրավվեն մասնավոր ոլորտի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններ»:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միկանաձեն, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ ֆորումը հրաշալի հարթակ է մտքերի և գաղափարների փոխանակման համար:

«Սա հիանալի հարթակ է մտքերի և գաղափարների փոխանակման, տեսլականների ներկայացման համար: Շատ կարևոր է, որ հարևան պետությունները նաև ռազմավարական առումով են միմյանց աջակցում և կիսում կուտակված փորձը, զարգացման տեսլականն ու համապատասխան տեղեկությունները: Հատկապես կրթության ոլորտում առկա են բազմաթիվ մարտահրավերներ, և այս հարթակը հիանալի հնարավորություն է դրանց լուծումների շուրջ քննարկումներ ունենալու համար: Վերջերս Վրաստանում ներկայացվեց բարձրագույն կրթության հիմնարար բարեփոխումների հայեցակարգը: Այնպես որ, այս ուղղությամբ համագործակցության լայն ներուժ կա»,- նշել է Գիվի Միկանաձեն՝ տեղեկացնելով, որ Վրաստանում ևս համալսարանական քաղաք հիմնելու ծրագիր է իրականացվում:

«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը» միտված է միավորելու բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական առաջնորդներին և փորձագետներին՝ քննարկելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում զարգացման գլոբալ միտումները և փոխակերպումները:

Ֆորումի հիմնական նպատակն է ուսումնասիրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ի հայտ եկող գլոբալ մարտահրավերները և նորարարական զարգացումները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի ռազմավարական տեսլականը՝ միջազգային կրթության և հետազոտությունների դաշտում իր դերի առաջմղման ուղղությամբ։