Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանս-բելգիական արտադրության ֆիլմով:
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, հյուրեր արտերկրից, արվեստասերներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ «Ռեա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը իսկապես տոն է բոլոր արվեստասերների համար. «Այսօր Երևանի մշակութային էպիկենտրոններից մեկում՝ Կինոյի տանը ազդարարում ենք տարիների ընթացքում կայացած մի փառատոն մասին, որը ստեղծագործական համարձակության, ոգեշնչման և արվեստի տոնի խորհրդանիշ է։ «Ռեա» փառատոնը մեր ամենավառ մշակութային իրադարձություններից մեկն է։ Այն իր շուրջ է համախմբում արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիշեցնելով, որ անիմացիան միայն կինո չէ. այն պատմություններ, պատմվածքներ ստեղծելու և պատմելու արվեստ է, հոգու շարժման և երազելու լեզու»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին պետության կողմից ոլորտի զարգացմանը հատկացվել է մոտ 170 միլիոն դրամ, որը վկայում է՝ պետությունը խորապես կարևորում է ոլորտի ապագան և դրա միջազգային ներկայությունը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին ու հաղթանակներին՝ նշելով, որ Հայաստանում նորարարական, ժամանակակից գաղափարներ կյանքի կոչելու բոլոր նախադրյալները կան։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին, հյուրերին՝ Հայաստան ժամանելու և իրենց ստեղծագործ աշխարհով կիսվելու համար, ինչպես նաև երիտասարդներին, որոնք ներկայացնում են հայկական անիմացիայի ապագան։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ելույթում նշել է, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է «ՌեԱ» փառատոնին, որը համախմբում է ոլորտի մասնագետներին, երիտասարդ ստեղծագործողներին և հանդիսատեսին:
«Սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակ և նորարարական ստեղծագործություններ՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը և մեզ տալիս է երազելու, մտածելու և երևակայելու հնարավորություն»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
«ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորել է պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը՝ նշելով, որ վերջին երեք տարում թարգմանել և հրատարակել են պատկերապատման մի քանի հրաշալի գրքեր՝ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. կարմիր պաստառի մահապարտները», Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ», Լենա Դերունցի «Մխիթարանքը»:
«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է. վերջին երեք տարում փառատոնի շրջանակում կազմակերպում ենք պատկերապատման մրցույթ ու նպաստում ոլորտի զարգացմանը»,- ասել է Քասունին:
Հիշեցնենք, որ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-25-ը:
Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։