ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ 19:00-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա իտալացի անվանի տենոր Վիտտորիո Գրիգոլոյի բացառիկ մենահամերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Համերգը կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանի ու Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոն Հայաստանում հանդես կգա առաջին անգամ։ Հանդիսատեսին սպասվում է ամենասիրված, հանրահայտ, ժամանակակից ու դասական երգերի ունկնդրում՝ Volare, My Way, Arivederci Roma, Կարուզո և այլն: Համերգը կեզրափակվի Կավարադոսիի հայտնի արիայի և Queen ռոք խմբի The Show Must Go On երգով:
Գրիգոլոն տենորի գլխավոր դերերգերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝ Միլանի Լա սկալայից մինչև Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Լոնդոնի Քովենթ Գարդենից մինչև Բուենոս Այրեսի Կոլոն:
Նրա համերգներն անցնում են լեփ-լեցուն համերգասրահներում, հարյուրհազարանոց մարզադաշտերում, ամֆիթատրոններում ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։ Նա հանդես է եկել փոփ, ռոք, ջազ, օպերային լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի, Լուչանո Պավարոտիի և այլոց հետ։ Նրա խաղընկերներն են եղել հայ անվանի օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը, Լիանա Հարությունյանը, Նինա Մինասյանը, Բարսեղ Թումանյանը, Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը:
Մեծ հաջողության են արժանացել նաև Գրիգոլոյի ձայնագրությունները: Բերնսթային «Վեսթսայդյան պատմություն» ոսկյա և պլատինե դեբյուտային ալբոմով նա առաջադրվել է «Գրեմմի»-ի, մեծ միջազգային արձագանք ու ճանաչում են ունեցել նաև Sony Classical-ի հետ ձայնագրած մի շարք ձայնասկավառակներ, որոնք առաջին հորիզոնականներն են գրավում դասական ալբոմների վարկանիշային աղյուսակներում:
Վիտտորիո Գրիգոլոյի երևանյան համերգի նախաձեռնողն է բժիշկ, մշակութային, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։