Մեծարգո Նախագահ, oրենսդիր և գործադիր մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ և հյուրեր, ձերդ գերազանցություն դեսպաններ, «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումի» հարգելի՛ մասնակիցներ,
Ժամանակակից իրականությունն այն տեսքով, ինչպիսին մենք այն ճանաչում ենք, բարձրագույն կրթության և գիտական հետազոտության արգասիք է` ինչով ենք մենք երթևեկում, ինչպես ենք հաղորդակցվում, ինչպես ենք կառուցում շենքեր և ճանապարհներ, բուժում հիվանդություններ և այսպես շարունակ։
Գիտելիքի ճանապարհը երբեք հեշտ չի եղել. յուրաքանչյուր դարաշրջանում նորարարությունը, մտքի թռիչքն ընդունվել են սվիններով, թերահավատությամբ, կասկածով, երբեմն նույնիսկ՝ ծայրահեղ մերժողականությամբ և գաղափարների հեղինակների համար՝ ողբերգական ելքով։
Գիտելիքը փոխում է մարդուն, փոխում է հանրությանը, իսկ ցանկացած փոփոխություն անորոշություն է, որն էլ ամենից հաճախ առաջ է բերում վախի զգացողություն։ Հետևաբար, գիտելիքի ճանապարհն անորոշությունների և վախերի հաղթահարման ճանապարհ է, սակայն ոչ միայն։ Գիտելիքը նաև ժողովրդավարության և խաղաղության ուղիղ ճանապարհ է։ Այնտեղ, որտեղ չկա գիտելիք, հեշտ է ապակողմնորոշել, մանիպուլացնել և դրանով իսկ՝ կառավարել։ Փակելով գիտելիքի և տեղեկատվության ճանապարհը՝ հնարավոր է առաջացած տարածությունը լցնել ապատեղեկատվությամբ, դիմացինի հանդեպ թշնամանքով, կառուցել այն կերպարները, որոնց դեմ հետո մղում են պայքարելու։
Իրական գիտելիքը, քննական ու վերլուծական հայացքը, մտքի աշխատանքն է, որ ազատագրում են, ամրապնդում ժողովրդավարությունն ու խաղաղությունը, ճանապարհ բացում զարգացման համար։
Հետևաբար, թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ այսօր բոլորս հավաքվել ենք՝ խոսելու գիտելիքի, հետազոտության և նորարարության միջավայրի և դրա շրջանակում՝ ակադեմիական քաղաքի մասին, որը լինելու է ոչ միայն գիտելիքի, հետազոտության և նորարարության հայաստանյան կենտրոն, այլև դառնալու է միջազգային հարթակ՝ հասանելի և բաց ցանկացած համագործակցության համար։
Կրթության ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության միակ ոլորտային ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ՝ հաստատվելով Ազգային ժողովի կողմից։ Շուրջ երեք տարի առաջ Ազգային ժողովը քվեարկեց Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի օգտին, որը հռչակում է մի կարևոր տեսլական. Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։
Մարդկային կապիտալի տեսանկյունից կարևորվում է յուրաքանչյուր քաղաքացի, հասարակության յուրաքանչյուր անդամ։ Կրթության զարգացման տեսլականն է՝ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։ Ծրագրի վերջնական նպատակն ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, և կհանրահռչակվի կրթությունը՝ որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահակիցների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ձևավորելով ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող հանրային համերաշխությունը։
Ավելի պարզ ասած՝ կրթության ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, և կրթական համակարգը պետք է բացահայտի և նպաստի այդ տաղանդի զարգացմանը։
Վերջին տարիներին, հատկապես համավարակով պայմանավորված, ամբողջ աշխարհում արձանագրվում է կրթության ոլորտի պետական հատկացումների էական կրճատում նույնիսկ խոշոր և զարգացած երկրների պարագայում։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ շուրջ մեկ ամիս առաջ հրապարակված վերլուծությունը ցույց է տալիս, որ կրթության ոլորտի ֆինանսավորումը շարունակում է կրճատվել, և հաջորդ տարի միջինում ևս 24 տոկոս կրճատման ռիսկ է պարունակում, որն արդեն իսկ լուրջ վտանգներ է պարունակում ևս վեց միլիոն երեխայի՝ կրթությունից դուրս մնալու, իսկ մյուսների համար՝ կրթության որակի վատթարացման համար։ Հայաստանի Հանրապետությունը, անցնելով համավարակով և պատերազմով, դիմագրավելով հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերներին, ոչ միայն չի կրճատում կրթությանն ուղղվող բյուջեն, այլ տարեցտարի հետևողականորեն ավելացնում է այն։ Եթե 2021-ին կրթության ոլորտին ուղղվող պետական հատկացումը կազմել է 149 մլրդ դրամ, ապա 2025-ին կրթության ոլորտի բյուջեն կրկնապատկվել է 2021-ի համեմատ։ Հաջորդ տարի կրթությանը հատկացվող միջոցները կլինեն ռեկորդային Հայաստանի Հանրապետության անկախության պատմության մեջ։ Եվ այս ոլորտում ներդրվող ջանքերի մեջ առանձնանում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես մեգածրագիր։
Ինչի՞ մասին է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը. Նախևառաջ, արդյոք Ակադեմիական քաղաք արտահայտության մեջ քաղաք բառն իրապես հղում է քաղաքին։ Այո՛, այն իսկապես քաղաք է՝ ճանապարհներով և այգիներով, սպորտային և մշակութային ենթակառուցվածքներով, սովորելու և սովորեցնելու, հետազոտելու և արարելու, գաղափարներ իրականացնելու, նոր տեխնոլոգիաներ ստանալու և գիտելիքՆ առևտրայնացնելու, ինչպես նաև պարզապես լավ ժամանակ անցկացնելու լայն հնարավորություններով։
Արդյոք ուրեմն այս ծրագիրը շինարարությա՞ն մասին է։ Իհարկե, սա ենթադրում է խոշորածավալ ենթակառուցվածքի ձևավորում, բայց առաջին հերթին ԱՅՆ բովանդակության մասին է, որին էլ հարմարեցվելու է ենթակառուցվածքը։
Ինչի՞ մասին է, հետևաբար, այդ բովանդակությունը. Մրցունակ և բարձրորակ բարձրագույն կրթության և հետազոտության մասին է, որն առաջին հերթին հանրային բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների բարեփոխման օրակարգն է ձևակերպում։
Ու ես չափազանց ուրախ եմ, որ հենց այսօր ուժի մեջ է մտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն ընդունվեց Ազգային ժողովի կողմից, ստորագրվեց պարոն Նախագահի կողմից և այսօրվանից արդեն ինստիտուցիոնալ կերպով փոխելու է մեր բարձրագույն կրթության և գիտության իրականությունը՝ դրանք ավելի ու ավելի ինտեգրելով։ Օրենքն առանձին հոդվածով անդրադառնում է ակադեմիական քաղաքին, սահմանում դրա նվազագույն կարգավորումները։ Օրենքը նաև միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության ինստիտուցիոնալ հիմքերն է դնում՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներով, կառավարման և թափանցիկության նոր համակարգերով, ինքնավարության և ֆինանսավորման նոր գործիքակազմերով։ Հենց այս օրերին մենք նաև քննարկում ենք Գիտության՝ մինչև 2030 թվականի զարգացման նոր ռազմավարությունը, որը կառուցելով վերջին տարիներին Կառավարության կողմից գիտության ոլորտում իրականացված էական ներդրումների և ձևավորված բարենպաստ միջավայրի վրա՝ սահմանում է զարգացման նոր թիրախներ։ Մասնավորապես՝ 2018-ից ի վեր Կառավարությունը շուրջ 280 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, այդ թվում՝ մինչև 300 տոկոսով բարձրացվել են գիտաշխատողների բազային վարձատրության չափերը, մեծածավալ ներդրումներ են իրականացվել գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ, ինչի շնորհիվ այսօր ոչ միայն մեր գիտնականները մեր իսկ լաբորատորիաներում են իրականացնում այն հետազոտությունները, որոնց համար նախկինում ստիպված էին մեկնել այլ երկրներ, այլև հենց մեր կենտրոններում են հետազոտական գործունեություն ծավալում աշխարհի տարբեր երկրների տարբեր հետազոտողներ, և Գիտության նոր ռազմավարությունն արդեն իսկ սահմանում է զարգացման հաջորդ փուլի թիրախները։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և Գիտության զարգացման ռազմավարությունը, այսպիսով, Կրթության զարգացման պետական ծրագրի հետ միասին կազմում են այն ինստիտուցիոնալ հենքը, որի վրա պետք է բարձրանա և զարգանա ակադեմիական քաղաքը։
Ուստի, ակադեմիական քաղաքը ոչ միայն առանձին վերցրած խոշորածավալ ծրագիր է, այլ բարձրագույն կրթության և հետազոտության ինստիտուցիոնալ ռեֆորմի ուղիղ միջավայրն է։ Ի՞նչ միջավայրում է հնարավոր ակադեմիական քաղաքը։ Ակադեմիական քաղաքի անհրաժեշտ միջավայրը ժողովրդավարությունն ու խաղաղությունն է։ Մտքի և նորարարության լավագույն միջավայրն ազատ ստեղծագործելու միջավայրն է։ Ակադեմիական ինքնավարություն և ազատություն, համագործակցություն և քննարկում. սրանք բառեր են, որոնք քաղաքի առանցքն են, դրա հաջողության բովանդակային գրավականը։ Մենք տեսել ենք բազմամիլիոնանոց նախագծեր, որտեղ շենքերը կանգնել են, սակայն մնացել դատարկ, որովհետև ենթակառուցվածքը կարևոր է, բայց մարդիկ, միջավայրն ու արժեքներն են այդ ենթակառուցվածքին շունչ տալիս, ապրեցնում կամ վախճանի հասցնում։
Ո՞ւմ համար է ակադեմիական քաղաքը։ Ակադեմիական քաղաքը բոլորի համար է, այն մի տեղ է, որը համախմբում է։ Ընդ որում՝ համախմբում է՝ սկսած նախապատրաստական փուլից։ Մենք այսօր ունենք ակադեմիական քաղաքի շուրջ փորձագիտական և ճարտարապետական լավագույն մտքի համախմբում. մենք միավորել ենք հեղինակավոր կազմակերպությունների և ճարտարապետների՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, շարժունության նախագծի, քաղաքաշինական վերլուծությունների համար, համախմբել ենք աշխարհի հեղինակավոր համալսարանների՝ ակադեմիական քաղաքում տեղակայվող առանձին կլաստերների ուղղությամբ հանրային համալսարանների հայեցակարգերի, կառավարման մոդելների մշակման համար, մենք ներգրավվել ենք հեղինակավոր խորհրդատուների՝ ակադեմիական քաղաքի ներդրումային փաթեթների մշակման համար։
Նախապատրաստական փուլից սկսած՝ մենք համախմբել ենք նաև մեր համալսարաններին և գիտական ինստիտուտներին. դրանք արդեն ավելի քան մեկուկես տարի տարբեր ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերում քննարկում են ակադեմիական քաղաքում գործունեության բովանդակային և կառուցվածքային մանրամասները։ Մենք համախմբել ենք ուսանողներին և աշակերտներին և հանրային արշավներ սկսել հանրապետության բոլոր մարզերում, ավելի քան 10 խոշոր քաղաքներում՝ ներկայացնելով ծրագիրը և հրավիրելով մաս կազմել դրան, քննարկել և առաջարկել։ Հանրային քննարկումն ու մասնակցությունը մեր աշխատանքի մեթոդաբանությունն են։
Ակադեմիական քաղաքը համախմբել է նաև պետական ու տարածքային մարմիններին, համայնքներին, որովհետև այս ծրագրի իրականացումը պահանջում է բազմակողմանի և բազմաշերտ աշխատանք տարբեր մարմինների կողմից՝ ճանապարհներ և կոմունալ ենթակառուցվածքներ, կանաչապատում, ոռոգում, մետրո և երկաթուղի։
Ակադեմիական քաղաքը համախմբում է նաև մասնավորին՝ հրավիրելով ներդրումներ կատարել, կառուցել, մասնակցել ակադեմիական քաղաքի շինարարությանը, նաև մաս կազմել քաղաքին։ Օրինակ՝ տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գրասենյակները ակադեմիական քաղաքի ստարտափ թաղամասում, համատեղ հետազոտություններ և կրթական ծրագրեր նախաձեռնել։ Բազմաթիվ միջոցառումներ կարող են պլանավորվել և կազմակերպվել ակադեմիական քաղաքում նախատեսվող Ազգային ստադիոնում, սպորտային մյուս ենթակառուցվածքներում։ Բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոնը կարող է հյուրընկալել փառատոներ, համերգներ և ներկայացումներ։ Համաժողովներն ու քննարկումներն ակադեմիական քաղաքի անբաժան առօրյան են լինելու՝ որպես մտքի և նորարարության քաղաք։
Ակադեմիական քաղաքը համախմբում է նաև միջազգային և մասնավոր բուհերին, որոնց տեղակայման համար նախատեսված են առանձին տարածքներ։ Ուսանողական և դասախոսական ընդարձակ կացարանները օտարերկրյա ուսանողների և ակադեմիական աշխատակազմի ներգրավման մեծ հնարավորություններ են տալու։ Ակադեմիական քաղաքն այսպիսով կարող է դառնալ նաև տարածաշրջանային հաբ՝ միավորելով տարբեր երկրների ուսանողների և բուհերի, հետազոտական խմբերի։ Սա այն ծրագիրն է, որ հետևելով մեր Կառավարության առաջնահերթ օրակարգին՝ Խաղաղության խաչմերուկին, ցույց է տալիս այն հնարավորությունները, որոնք կարող են լրացնել բաց սահմանները բովանդակային նոր համագործակցության հեռանկարով
Ակադեմիական քաղաքը, հետևաբար, բոլորիս համար է և բոլորիս մասին է։ Այսօր այն համախմբել է մեզ այս սրահում և շարունակելու է համախմբել մեր ջանքը գիտելիքի ու նորարարության համար՝ գիտելիքի ու նորարարության միջոցով։ Ապագան սկսվում է այսօր Ակադեմիական քաղաքից։
Շնորհակալություն։