Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի և «Իտալերենի 25-րդ շաբաթը ողջ աշխարհում» ամենամյա նախաձեռնության շրջանակում, որն այս տարի կրում է «Իտալոֆոնիա իտալերենը երկրի սահմաններից դուրս» խորագիրը, տեղի է ունեցել «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի պաշտոնական բացումը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և իտալերեն ուսումնասիրող ուսանողներ։

Կոմիտեին առընթեր գործելու է Հռոմի ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնը, որը կկազմակերպի իտալերենի գիտելիքների ստուգման քննություններ։ Կոմիտեն նաև իրականացնելու է իտալերենի և իտալական մշակույթի ուսուցման տարբեր մակարդակի դասընթացներ՝ նպաստելով Հայաստանում իտալական մշակույթի և լեզվի տարածմանը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բուհի հիմնադրման 90-ամյակի և կենտրոնի հիմնադրման առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Շատ կարևոր է, որ մեր առաջատար լեզվաբանական համալսարանում ստեղծվում է նմանօրինակ կենտրոն։ Վստահ եմ՝ դեսպանի, բուհի ղեկավարության և ԿԳՄՍ նախարարության անմիջական աջակցությամբ կենտրոնը հաջողությամբ կգործի»:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը Հայաստան-Իտալիա միջմշակութային կապերի զարգացման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայում ներդրվող հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման միասնական համակարգի աշխատանքի արդյունավետության առումով՝ ընդգծելով, որ այդ գործընթացում, ի թիվս եվրոպական այլ առաջատար լեզուների, կարելի է կիրառել նաև PLIDA-ի փորձառությունը։

«Երկկողմ և բազմակողմ համագործակցության մեջ այս մոտեցումը կիրառելի է ԿԳՄՍ նախարարության համակարգման թերևս բոլոր ոլորտներում։ Կենտրոնի գործունեությունն ըստ էության խթանելու է Հայաստան-Իտալիա հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում՝ նպաստելով հատկապես լեզվական և մշակութային կապերի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը»,- հավելել է նա։

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանում այս օրերին գտնվում են Իտալիայից ժամանած մշակույթի ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք աջակցում են Գառնիի խճանկարների վերականգնման, ինչպես նաև Արուճի և Դվինի հնավայրերում իրականացվող աշխատանքներին. «Այս մասնագետների ներգրավմամբ մենք ոչ միայն խթանում ենք միջմշակութային կապերը, այլև զարգացնում ենք տեղական կարողություններ, որոնք կարևոր են մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանման համար»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության իրականացման գործում ներգրավված բոլոր կողմերին և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու կենտրոնի արդյունավետ գործունեությանը. «Ակնկալում ենք, որ կենտրոնն իր առջև կդնի հավակնոտ նպատակներ՝ խթանելով իտալերեն սովորողների ավելացումը, հանրակրթական և բարձրագույն կրթության մակարդակներում իտալերենի հանդեպ հետաքրքրության բարձրացումը, ինչպես նաև միջբուհական համագործակցության ընդլայնումը Հայաստանի և Իտալիայի բուհերի միջև»:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ևս կարևորել է «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի բացումը: Ընդգծելով երկու երկրների միջև պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ նա վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես կրթության և մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ: Դեսպանը կարևորել է ՀՀ-ում իտալերենի ուսուցման ընդլայնման հնարավորությունները, Հռոմի ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնի միջոցով անցկացվելիք քննությունները և հայ սովորողների՝ Իտալիայում կրթությունը շարունակելու հեռանկարները:

Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը գրասենյակի բացումը կարևորել է բուհում իտալերենի ուսուցման ընդլայնման համատեքստում: Նա ընդգծել է՝ կենտրոնի բացումը Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների հերթական դրսևորումն է:

Ելույթներին հաջորդել է Հայֆիլմ կինոստուդիայի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը իտալերեն ենթագրերով՝ թարգմանված ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի իտալերենի մասնաբաժնի ուսանողների կողմից։