Կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակացության զարգացումը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան» ակադեմիա:
«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը ծանոթացել է իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերին։ Արաքսիա Սվաջյանը կարևորել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում ուսումնական հաստատությունների համագործակցությունը ոլորտում գործող տնտեսվարողների հետ` ընդգծելով, որ նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով նոր կարգավորումներ են տրված ուսուցման գործընթացում գործատուների ներգրավմանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է` ակադեմիայի հետ համագործակցությունը կարող է դրական արդյունքներ ապահովել խոհարարության ուղղությամբ կրթության զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երեմյան» ակադեմիայի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։