Խոր վշտով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ին 95 տարեկանում կյանքից հեռացել է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնական վարչության նախկին նախագահ և պատվավոր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը:

Ալբերտ Մուշեղյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 27-ին Երևանում: 6 տարեկանում դինամիտի պայթյունի հետևանքով կորցրել է տեսողությունը:

Հայագետ, խորենացիագետ, բանաստեղծ ու թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը հանդիսացել է Հայաստանի գրողների միության վարչության անդամ (1979 թ.), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1990 թ.): 1978 թվականից սկսած՝ աշխատել է ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի «Հայ հին և միջնադարյան գրականության» բաժնում՝ որպես ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։

1956թ. բրայլյան տառատեսակով գեղարվեստական գրքերի և դասագրքերի հրատարակման համար կազմակերպել է տպարան և նշանակվել գլխավոր խմբագիր:

1962թ. Մինիստրների խորհրդի որոշմամբ կազմակերպել է տպագիր և խոսող գրքերի հրատարակչություն՝ ձայնագրման ստուդիայով:

1980 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ավետիք Իսահակյանի կյանքի և ստեղծագործության առաջին շրջանը և ուսումնառությունը Գերմանիայում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1996 թ․-ին՝ դոկտորական ատենախոսություն՝ «5-րդ դարի հայ հին մատենագրության ժամանակագրական խնդիրները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

2000 թ. նրա հայերեն թարգմանությամբ հրատարակվել է Մեծ Եղեռնի ականատես Արմին Թեոֆիլ Վեգների «Ճանապարհ առանց տունդարձի» գիրքը:

2007թ. հրատարակվել է Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» գիտական մենագրությունը (412 էջ՝) բազմաթիվ օտարալեզու հնագույն սկզբնաղբյուրներով:

2018թ. հիմնել է Ուրարտագիտության և խորենացիագիտության կենտրոնը:

Հայագիտական, գրականագիտական, թարգմանական, բանաստեղծական ստեղծագործությունների և հայրենանվեր գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու մրցանակներով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Ալբերտ Մուշեղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, Հայաստանի կույրերի միավորում անդամներին ու աշխատակիցներին: