Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՍՁ գաղափարաթոն» ծրագիրը. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին հանձնել է հավաստագրեր:
Այն իրականացվել է «Սոցիալական ձեռներեցություն սոցիալիզացիայի, առաջնորդության (այդ թվում՝ երիտասարդ կանանց) խթանման մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ծրագրի նպատակն է մասնակից երիտասարդներին փոխանցել անհրաժեշտ գործիքակազմ սոցիալական ձեռնարկությունների գաղափարների մշակման, բիզնես մոդելների կազմման վերաբերյալ, զարգացնել գործնական հմտություններ սոցիալական ձեռնարկության կառավարման, մարքեթինգի և ֆինանսական պլանավորման ոլորտում:
Ներկայացված 76 հայտից ընտրված 10-ին կտրամադրվի 180 հազար ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է երիտասարդական խմբերին ծրագրին հաջող մասնակցության և իրենց բիզնես գաղափարները ներկայացնելու հնարավորության համար:
Նախարարի տեղակալը կարևորել է ծրագիրը մի քանի կարևոր շեշտադրմամբ. «Այս ծրագիրը կարևոր հարթակ է, որտեղ երիտասարդներն իրենց գաղափարներով ու նորարարական մոտեցումներով հնարավորություն ունեն նպաստելու համայնքի և պետության զարգացման գործընթացին: Առանձնակի պետք է նշեմ, որ երիտասարդական պետական քաղաքականությունը միտված է երիտասարդների ձայնն ավելի լսելի դարձնելուն, ոլորտային քննարկումներում նրանց մասնակցայնությունն ապահովելուն, որպեսզի ռազմավարությունն ավելի թիրախային ու նպատակային լինի: Սա նաև նպաստում է թիմային աշխատանքի զարգացմանն ու քաղաքացիական արժեքների ձևավորմանը»:
Արթուր Մարտիրոսյանի ընդգծմամբ՝ «ՍՁ գաղափարաթոն 2025» ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության ակտիվացմանը, այլև մարզաբնակ երիտասարդների կյանքի աշխուժացմանը, ինչը երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության կարևոր կետերից է: Նա կոչ է արել երիտասարդներին հանրային ակտիվություն ցուցաբերել՝ ի նպաստ իրենց համայնքի և պետության զարգացման:
Նշենք, որ «ՍՁ գաղափարաթոնը» հարթակ է, որն առաջարկում է երիտասարդներին իրենց համայնքներում առկա խնդիրները լուծել կայուն և նորարար բիզնես գաղափարներով։ Այն սոցիալական բիզնես հմտությունների ինտենսիվ դպրոց է, որտեղ երիտասարդական թիմերը ներկայանում են գաղափարներով կամ արդեն իսկ գործող բիզնես նախագծերով` զարգացնելով դրանց սոցիալական և բիզնես բաղադրիչները։