ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պատվիրակությանը։

ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուի, ՌԴ Սոցիալական և արդյունաբերական սննդի սպասարկման ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի հետ քննարկվել է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և փորձագիտական աջակցության տրամադրման համար։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ծրագիրը դրական ազդեցություն է թողնում ՀՀ մարզերի դպրոցականների վրա՝ նպաստելով նրանց սննդակարգի ձևավորմանը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ, որոնց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նոր դպրոցների խոհանոցային և ճաշարանային ենթակառուցվածքների կառուցմանն ու արդիականացմանը։ Այս գործընթացում առանձնակի կարևորություն ունի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներգրավվածությունը՝ որպես ոլորտում մասնագիտացված կառույց։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի դպրոցները «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով 2026 թվականին պիլոտային ծրագրերի մեկնարկի հետ կապված հարցեր։

Հայաստանում ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Լեյլա Մելիուն կարևորել է ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում վերջերս անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի 2-րդ համաշխարհային համաժողովին՝ ընդգծելով, որ Հայաստանի փորձը, մասնավորապես՝ մարզային դպրոցներում կայուն սննդի մոդելի ներդրման և համայնքային մասնակցության ապահովման ուղղությամբ, դարձել է ուսանելի օրինակ այլ երկրների համար։

Արաքսիա Սվաջյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հաջողված փորձը կարելի է ներկայացնել նաև ավելի լայն ձևաչափով՝ կազմակերպելով տարածաշրջանային համաժողով Հայաստանում։

Սոցիալական և արդյունաբերական սննդի սպասարկման ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ՀՀ կառավարության ջանքերը ծրագրի հաջող իրականացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր: