ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության սկզբունքները և հիմնական ռազմավարական նպատակները՝ հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, վերակազմավորում և առաջխաղացում։
Նախագծի ընդունումը միտված է մինչև 2030 թվականն արդյունավետ կառավարվող և միջազգային մակարդակով մրցունակ գիտական համակարգի ձևավորմանը, որը կգործի Եվրոպական հետազոտական տարածքի (ԵՀՏ) պահանջներին համահունչ՝ հիմնված բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի, զարգացած և օպտիմալ հետազոտական ենթակառուցվածքների և հետազոտությունների միջազգային գերազանցության վրա:
ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններով հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, ՀՀ մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով հավելյալ արժեք ստեղծող բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, կիրառական հետազոտությունների և մշակումների իրականացմանը, հանրային կյանքում գիտության հանդեպ հետաքրքրասիրության սերմանմանը, գիտության ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:
Գիտության ոլորտն արդյունավետորեն ինտեգրված է լինելու բարձրագույն կրթության համակարգին՝ հետազոտության բոլոր տեսակներում ապահովելով երիտասարդ կադրերի արդյունավետ և համակարգված ներգրավումը։ Գիտության համակարգն արդյունավետորեն ծառայելու է պետական կարիքներից բխող կամ առևտրայնացման հեռանկար ունեցող մրցունակ հետազոտությունների իրականացմանը:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2025թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):