ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ ոլորտային հարցերի վերաբերյալ նրանց դիտարկումները լսելու, հուզող խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով։
Սովորողներին, մասնավորապես, հետաքրքրել են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված նոր գնահատման համակարգի և դասագրքերի բովանդակության վերաբերյալ հարցեր: Նախարարին ներկայացվել է նաև ուսուցողական խաղերի նախագիծ՝ որպես կրթական հավելված, որը, ըստ նախաձեռնության հեղինակների, հնարավոր է կիրառել դպրոցներում: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ այդօրինակ նյութերը ներկայացվում են մասնագիտական փորձաքննության, և դրական եզրակացություն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի ապահովել հավելվածի հասանելիությունը դպրոցներին:
Նախարարը հետաքրքրվել է սովորողների զբաղվածությամբ, մասնագիտական կողմնորոշմամբ, հետաքրքրությունների շրջանակով: Նա շնորհակալություն է հայտնել դիտարկումների ու առաջարկների համար՝ նշելով, որ դրանք նպաստում են կրթական ոլորտի բարելավման աշխատանքներին: