Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 187 կգ կշռող ծանրաձողն ու բրոնզե մեդալ նվաճել:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ կշռող ծանրաձողը և երկամարտի 407 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն անհաջող է հանդես եկել: Պոկում վարժությունում նա չի կարողացել բարձրացնել 185 կգ ու 187 կգ կշռող ծանրաձողերը: Մարտիրոսյանն այնուհետև չի մասնակցել հրում վարժությանը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից փոքր արծաթե մեդալ էր նվաճել 71 կգ քաշային Գոռ Սահակյանը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել էր 154 կգ կշռող ծանրաձողն ու դարձել վարժության փոխչեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (123+152 կգ) զբաղեցրել է 10-րդ տեղը:

88 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 160 կգ և այս վարժությունում զբաղեցրել 7-րդ տեղը: Հրում վարժությունում Գրիգորյանն անհաջող է հանդես եկել:

Կանանց հավաքականի միակ ներկայացուցիչ, 77 կգ քաշային Աննա Ամրոյանը, հանդես գալով B ենթախմբում, երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 130 կգ-ն:

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի էր հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: