Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ երկամարտի 461 կգ արդյունքով (211+250 կգ)։

Առանձին վարժություններում ևս Լալայանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 211 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հաջողությամբ բարձրացրել է 250 կգ-ն:

+110 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը՝ երկամարտի 447 կգ արդյունքով (205+242 կգ):

Այսպիսով, Հայաստանի թիմն աշխարհի առաջնությունում նվաճել է երկամարտի մեկ ոսկե և առանձին վարժություններում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

71 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 154 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (123+152 կգ) զբաղեցրել է 10-րդ տեղը:

88 կգ քաշային կարգում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 160 կգ և այս վարժությունում զբաղեցրել 7-րդ տեղը: Հրում վարժությունում Գրիգորյանն անհաջող է հանդես եկել:

110 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում դարձել բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ-ն: Երկամարտի 407 կգ արդյունքով նա աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն անհաջող է հանդես եկել: Պոկում վարժությունում նա չի կարողացել բարձրացնել 185 կգ ու 187 կգ կշռող ծանրաձողերը: Մարտիրոսյանն այնուհետև չի մասնակցել հրում վարժությանը:

Կանանց հավաքականի միակ ներկայացուցիչ, 77 կգ քաշային Աննա Ամրոյանը, հանդես գալով B ենթախմբում, երկամարտի 230 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 130 կգ-ն:

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի էր հայտագրվել: Նրանց թվում էին Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: