ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշյալ կենտրոնում մեկնարկել է անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ֆիլմերի՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրով հետահայաց ցուցադրությունը: Միջոցառումն իրականացվում է Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Մինչև նոյեմբերի 30-ը կինոռեժիսորի 10 ֆիլմեր կունենան 30 ցուցադրություն։

Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:

Հոբելյանի շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը կազմակերպել է վարպետի գրեթե բոլոր ֆիլմերի թվայնացման և վերականգնման աշխատանքները, որի արդյունքում հայ մշակույթի բացառիկ ժառանգության մաս կազմող ֆիլմերը նորովի են ներկայացվում միջազգային հեղինակավոր հարթակներում: Ստեղծվել են նաև Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի նոր կինոազդագրերը, որոնք կինոմշակույթի կարևոր մաս են կազմում և տեղեկատվական գործիք լինելուց բացի՝ վիզուալիզացիայի լեզվով խոսում են տվյալ ֆիլմի, նրա փիլիսոփայության, ուղերձների, հայացքի և ասելիքի մասին։