«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը` նվիրված հայ և եվրոպական երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությանը:

Համերգը կյանքի է կոչվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան. վերջինս փոխանցել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի ուղերձը:

«Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգն արդեն երկրորդ տարին է` ինչ անցկացվում է նվագախմբի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ ջանքերով։ Վերջին տարիներին սկսված այս սերտ համագործակցությունը նպատակ ունի խթանել մշակութային երկխոսությունը և համատեղ իրականացնել մի շարք կարևոր մշակութային ծրագրեր՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության ամրապնդման։