Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Հոկտեմբերի 15-30-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝ կից:
Երևանի վարչական շրջանների հաղթողները նոյեմբերի սկզբին կմասնակցեն նաև Երևանի քաղաքային փուլին: Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերում: Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերը պետք է անցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:
Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբում՝
- 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան),
- 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան):
Երևանի քաղաքային փուլին կմասնակցեն 10 վարչական շրջաններից յուրաքանչյուր տարիքային խմբում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները (3 տղա և 3 աղջիկ): Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերում 3-6-րդ դասարանցիները կմրցեն 50 մետր, իսկ 7-12-րդ դասարանները՝ 100 մետր ազատ ոճում:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները կմրցեն համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):
Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով մեդալներով և դրամական պարգևներով:
Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:
1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով.
- 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ:
Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների համար (մարզիչ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ) ՝
- 1-ին տեղ՝ 150,000 ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ՝ 75,000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:
Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ: