ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեին։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է Ֆաբրիցիո Ձարկոնեին և շնորհավորել Հայաստանում կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ Համաշխարհային բանկը տարիներ շարունակ եղել է Հայաստանի կրթական բարեփոխումների առանցքային գործընկերներից մեկը։ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նոր տնօրենի պաշտոնավարումը կնպաստի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի միջև գործող ծրագրերի ընթացքը և համագործակցության նոր ուղղությունները՝ ուշադրություն դարձնելով կրթական ենթակառուցվածքների արդիականացմանը, բարձրագույն կրթության զարգացմանը, ինչպես նաև դպրոցների և նախակրթարանների հիմնման ծրագրերին։
Կողմերը քննարկել են նաև «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագրի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունները։ Այդ համագործակցությամբ ավելի քան 200 դպրոցների ուսուցիչներ ստանում են աջակցություն՝ աշակերտների հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ապահովման ուղղությամբ։ Այս համատեքստում նախարար ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրի ինստիտուցիոնալացումը՝ ընդգծելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ներգրավման անհրաժեշտությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման և համակարգված աշխատանքի ապահովման նպատակով։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ֆաբրիցիո Ձարկոնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու զարգացման ծրագրերի շրջանակում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, դպրոցներում բնագիտական և ինժեներական սարքավորումներով համալրված ժամանակակից լաբորատորիաների հիմնմանը, ինչպես նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստման ապահովմանը:Ֆաբրիցիո Ձարկոնեն բարձր է գնահատել ՀՀ կառավարության հանձնառությունը նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխման հարցում և վերահաստատել Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու իրականացվող բարեփոխումներին: