ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գրքի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ այցելելով մարզեր. այսօր փառատոնը Կապանում էր։

Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Կապանի մշակույթի կենտրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Փառատոնի մեկնարկը տրվել է «Կապան» պատկերագրքի շնորհանդեսով։

Տեղի են ունեցել նաև գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, պոեզիայի ընթերցումներ, ստենդափ։

Մինչև ժամը 20։00-ը կգործի գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում են 15-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ՝ իրենց հրատարակություններն առաջարկելով 20–50% զեղչով։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Փառատոնը կեզրափակվի «Լավ էլի» խմբի համերգով։

Գրքի երևանյան փառատոնի Կապան այցն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ Կապանի համայնքապետարանը։ Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։