Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն արծաթե մեդալ է նվաճել Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում:
71 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը, պոկում վարժությունում ցույց տալով 154 կգ արդյունք, կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Հրում վարժությունում Սահակյանը չի կարողացել բարձրացնել 182 կգ կշռող ծանրաձողն ու երկամարտում մեդալ չի նվաճել:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Թաիլանդի ներկայացուցիչ Վեեռաֆոն Վիչուման՝ երկամարտում ռեկորդային 346 կգ (152+194) արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր:
Աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտել է նաև 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Հայ ծանրորդը պոկել է 123 կգ կշռող ծանրաձողն ու հրել է 152 կգ-ն: Երկամարտի 275 կգ արդյունքով նա զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը: Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝
Հոկտեմբերի 7՝
Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան
Հոկտեմբերի 8՝
Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ)
Հոկտեմբերի 10՝
Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
Հոկտեմբերի 11՝
Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդատ Լալայան: