Հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը համաշխարհային արվեստի կենտրոններից մեկում՝ Փարիզի «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում, կկայանա կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ամբողջական հետահայաց ցուցադրությունը:

Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ՝ Կինոյի տանը՝ Ազգային Սինեմատեք կինոթանգարանում, կայացել է մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ այս տարի նշվում է սիրված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը, և հոբելյանական տարում իրականացվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնում կայանալիք Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

«Աննախադեպ՝ 10 ֆիլմից բաղկացած այս ցուցադրությունը վկայում է, որ Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, արվեստը սպասված են նաև արտերկրի կինոսերների և կինոոլորտի մասնագետների կողմից: «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը Ֆրանսիայի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է. սիրելի մաեստրոյի՝ տասնամյակներ ի վեր ստեղծված ֆիլմերը ֆրանսիացի բծախնդիր կինոգործիչներին ու հանդիսատեսին ներկայացնելը հաստատումն է այն փաստի, որ այսօր էլ այդ ֆիլմերն արդիական են: Աննախադեպ այս ցուցադրությամբ համաշխարհային հարթակում այսպիսով ներկայացվում են նաև Հայաստանը և հայկական կինոն: Հատուկ այս ծրագրի նախապատրաստության համար Հարություն Խաչատրյանի ֆիլմերի մեծ մասը վերականգնվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համատեղ ջանքերով»,- նշել է Դանիել Դանիելյանը և անդրադարձել պետության կողմից վերջին տարիների հայկական կինոոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ծրագրին:

Հարություն Խաչատրյանի նշմամբ՝ հուզիչ և ուրախացնող է, որ իր ֆիլմերը ցուցադրվելու են «Պոմպիդու» կենտրոնում, որտեղ շատ տարիներ առաջ ներկայացվել են նրա «Կնոդ» և «Սպիտակ քաղաք» կինոնկարները: «Հաճելի է, որ իմ 10 ֆիլմով կենտրոնը որոշեց կրկին հիշեցնել իմ կինոարվեստի մասին: Հետահայաց ցուցադրության նախընտրությունը կատարել է «Պոմպիդու» կենտրոնը՝ ընտրելով ներկայացված բոլոր ֆիլմերը, ինչը մեծ երջանկություն էր մեզ համար: Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև նախաձեռնության աշխատանքային թիմին՝ իմ ֆիլմերի ցուցադրության աշխատանքների կազմակերպման, պաստառների ստեղծման, կատարած ահռելի և որակյալ աշխատանքի համար: Ֆիլմերի բոլոր պաստառները նոր են՝ մտածված և գեղեցիկ՝ ցուցադրվող ֆիլմերի և ծրագրի ճիշտ ընտրությամբ»,- ասել է Հարություն Խաչատրյանը և հիշեցրել, որ վերջերս իր ֆիլմերից յոթը ցուցադրվել է Մոսկվայում, մի քանիսը՝ Սլովենիայում և Իսպանիայում։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Փարիզի մի քանի այլ կինոթատրոններ ևս հետաքրքրված են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի առանձին ցուցադրությամբ, և արդեն ստացվել են համապատասխան հայտերը. «Փարիզից հետո հոկտեմբերի 16-19-ը Բեռլինում կշարունակվի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Բեռլինի «Կրոկոդիլ» արտ-հաուսի կինոթատրոնում կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի վեց ֆիլմերը՝ «Քամին ունայնության», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի» և «Նկարչի երեք գերեզմանները»: Ֆիլմերը կներկայացնի ծրագրի համադրող, հեղինակավոր կինոօպերատոր Ֆրեդ Քելեմենը, ինչպես նաև կտպագրվեն հոդվածներ»:

Նշենք, որ «Պոմպիդու» կենտրոնում ցուցադրությունն իրականացվելու է «Բացելով ներկայի ծալքերը․ Հարություն Խաչատրյանի վավերագրությունը» խորագրի ներքո։ Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու կենտրոնի» La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում։

Ֆիլմերը հանդիսատեսին են ներկայացնելու Ֆրանսիայում բնակվող և ստեղծագործող ծագումով հայ այնպիսի ճանաչված կինոգործիչներ և արվեստագետներ, ինչպիսիք են՝ Սերժ Ավեդիքյանը, Թամարա Ստեփանյանը, Նորա Մարտիրոսյանը, Քլեր Մուրադյանը:

Հետահայացի ցուցադրության բացման երեկոյին ներկա է լինելու Հարություն խաչատրյանը։ Ֆրանսիայում նախատեսվում են Հարություն Խաչատրյանի ֆիլմերի 3 քննարկում՝ կինոռեժիսորի մասնակցությամբ, ինչպես նաև Հարություն Խաչատրյանի վարպետաց դասը։