Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի համալսարան է ընդունվել շուրջ 700 ուսանող:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է առաջին կուրսեցիներին կարևոր առաքելության մեկնարկի կապակցությամբ․

«Ձեր ընտրած ուղին պարզապես մասնագիտություն ստանալու գործընթաց չէ, այլ մի ողջ առաքելություն, որը, վստահ եմ, մեկնարկում եք մեծ ոգևորությամբ, սրտացավությամբ և նվիրվածությամբ: Մանկավարժական համալսարանում ստացած գիտելիքներով դուք ամեն օր ևս մեկ քար եք դնելու ձեր՝ լավ ուսուցիչ դառնալու ճանապարհին: Այն, ինչ կսովորեք այս տարիների ընթացքում, օգնելու է, որպեսզի հետո սովորեցնեք բազմաթիվ երեխաների և նպաստեք, որպեսզի մեր երկրի զարգացումը լինի շատ ավելի իրական և նյութական»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցչի պատասխանատու և կարևոր մասնագիտությունն ընտրելու համար. «Իհարկե, ուսուցչի աշխատանքն ամենաբարդ և ամենածանր, բայց նաև ամենաշնորհակալ աշխատանքներից է: Այն պարգևում է անփոխարինելի զգացողություն, երբ ամեն օր տեսնում ես երեխաների պայծառ աչքերն ու գիտելիքի հանդեպ հետաքրքրությունը։ Այս մասնագիտությունն ու աշխատանքն ընտրելն առաջին հերթին վկայում է նաև ձեր մարդկային որակների և նվիրվածության մասին՝ որպես նաև մեր երկրի քաղաքացիներ: Կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր կրթությունը լինի որակյալ և մրցունակ, իսկ դուք դառնաք լավագույն ուսուցիչները մեր դպրոցների և երեխաների համար»:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ առաջին կուրսեցիների երդման արարողությունն անցկացվում է Ուսուցչի միջազգային օրվա շրջանակում․

«Սա արդեն նշանակում է, որ դուք այդ մեծ համայնքի մի մասն եք: Դժվարություններ, իհարկե, լինելու են, սակայն դրանք պետք է ընկալել որպես փորձառություն, որը դարձնում է մեզ ավելի ուժեղ և մրցունակ: Համոզված եմ՝ բոլոր դժվարությունները հաղթահարելու եք ձեր դասախոսների, բուհի պրոֆեսիոնալ աշխատակազմի աջակցությամբ: Բոլորիդ մաղթում եմ լավագույն ուսանողական տարիներ՝ հետագայում լավագույն աշխատանքային տարիներ ունենալու ակնկալիքով»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը ևս շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ընդգծել նրանց անգնահատելի, ազգանվեր, միևնույն ժամանակ, ծանր առաքելությունը, որով պայմանավորված է ապագայի արժանապատիվ քաղաքացիների ձևավորումը։

Այնուհետև տեղի է ունեցել առաջին կուրսեցիների երդման արարողությունը, որն ավարտվել է միասնական շուրջպարով: